Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին գրում է Artsakhpress.am-ը:
Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
« Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն Նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի): Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը:
Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում: Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
Հարգանքով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան»: