կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-12 09:25
Հասարակություն

Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր. «168 ժամ»

Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր. «168 ժամ»

«Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: «Բաքվում նախատեսված հանդիպումների ընթացքում նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակություն տեղի կունենա` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զարգացնելու նպատակով,- նշված է Լավրովի այցի առթիվ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ասվում է,- Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպիական տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք իրավահավասարության, բարիդրացիական կապերի և փոխադարձ շահերը հարգելու հիմքի վրա»:

ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են երկու երկրների նախագահների հովանու ներքո սեպտեմբերի 29-ին Բաքվում անցկացվելիք 5-րդ միջազգային հումանիտար ֆորումին: Իսկ մինչ Արտգործնախարարության մակարդակով Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին ներբողներ էր շռայլում Ադրբեջանի հասցեին, այդ երկրում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն ավելի առարկայական հայտարարություն է արել՝ ասելով, որ Ռուսաստանը շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ ստորագրված պայմանագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Դորոխինը շեշտել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր՝ չբացառելով, որ դա կարող է տեղի ունենալ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերին Բաքու կատարելիք այցի շրջանակներում: Եթե նման օրակարգով Բաքու այցելելու մասին հաղորդագրություն տարածեր որևէ այլ երկրի արտգործնախարարություն, Բաքվում այդ որևէ այլ երկրի դեսպանն էլ ազդարարեր, որ դրա ղեկավարը մեկ ամիս հետո Ադրբեջանում պատրաստվում է պայմանագրեր կնքել զենքի մատակարարման վերաբերյալ, այդ երկիրն անմիջապես Հայաստանում կհռչակվեր՝ որպես դավաճան, գուցե ակցիաներ կազմակերպվեին այդ երկրի դեսպանատան դիմաց, հնարավոր է՝ կոչեր հնչեին այդ երկրի արտադրանքը բոյկոտելու մասին:

Ռուսաստանում լավ գիտեն, որ այս օրերին հայ քաղաքական «միտքը» ոչ թե ուղղակի լռում է, այլ ելույթներ է պատրաստում՝ արդարացնելու համար սեպտեմբերին Պուտինի կողմից Բաքվում կնքվելիք զենքի մատակարարման հերթական գործարքը: Իսկ Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի ռուսական զենքի մասին դեռ որևէ տեղեկություն չկա: «Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք: Չեն խորանում, մինչև Ռուսաստանը կհասցնի Ադրբեջանին փոխհատուցել ապրիլյան պատերազմում կորցրած սպառազինությունը: Չեն խորանում, որովհետև երևի հանձնարարված է՝ չխորանալ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: