Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 16:50
Քաղաքական

Պայքարի միջոցով Արցախի հարցի լուծումը սխալ է. ՀՀԿ-ական

Պայքարի միջոցով Արցախի հարցի լուծումը սխալ է. ՀՀԿ-ական

Առանց փոխզիջումների որևէ հաշտության պայմանագիր չի կարող լինել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը`անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր փոխզիջումային տարբերակին: «Եթե հաշտության պայմանագիր երբևէ կնքվել է, սկսած հռոմեական ստրկատիրական ժամանակներից, այդ պայմանագիրը ստորագրվել է փոխզիջումների  հիման վրա, դա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- ասաց նա` հավելելով, որ փոխզիջման այլընտրանքը խնդիրների` ռազմական ճանապարհով լուծումն է:

«Պայքարի միջոցով Արցախի հարցի լուծումը շատ սխալ է: Եթե մենք  հաշտության ենք գնում, ապա, բնականաբար, պետք է լինեն այդ փոխզիջումները և\' իրենց կողմից, և\' մեր կողմից:  Իսկ ո՞վ է ասում, թե Ադրբեջանը չպետք է փոխզիջման գնա: Ադրբեջանը փոխզիջման գնում է` ճանաչելով ԼՂՀ անկախ պետության գոյությունը: Դա ե՞րբ կլինի, հայտնի չէ, դեռ որոշված չէ, և հիմա գնում է  բանակցային գործընթաց:  Բանակցային գործընթացն էլ հենց նրա համար է, որ կողմերը ճշգրտեն, թե ով ինչ պետք է անի»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով`երկու նախագահների և, առհասարակ, տարբեր  մակարդակների բանակցությունները ընթանում են այն բանի համար, որ հնարավոր լինի զերծ մնալ ԼՂ-ի հարցի` ռազմական ճանապարհով լուծումից: «Պետք է հաշտության պայմանագիր ստորագրվի, ի վերջո, հո հարյուր տարի չե՞նք կռվելու մեկը մյուսի դեմ: Մեր կողմից միակողմանի զիջումներ չեն լինելու: Պետք է  լինի փոխշահավետ, երկու կողմերի համար ընդունելի մի փաստաթուղթ, որով  վերջ կդրվի այս արյունահեղությանը»,- ընդգծեց Հարությունյանը, ապա հավելեց.  «Ի վերջո, միայն Հայաստանը չէ, և տարածաշրջանում բազմաթիվ այլ լուծելիք հարցեր կան, և ես չեմ կարող ասել` մոտ ապագայում ինչ կլինի, բայց որ մոտ ապագայում պետք է այդ արյունահեղությանը վերջ դրվի, միանշանակ է»: