կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 16:05
Քաղաքական

Գոյություն ունի երկու տեսակի Ալիև. Արմեն Ռուստամյան

Գոյություն ունի երկու տեսակի Ալիև. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված երկու օր առաջ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ հետաքննության մեխանիզմների կիրառումը սահմանին ավելորդ է, և որ Ադրբեջանը ԼՂ կարգավորմանն է գնալու փուլային տարբերակով: Պատգամավորը պատասխանեց, որ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ամենը հենց Ալիևի ցանկությունն է, այլ ոչ թե այն, ինչ խոսվել է բանակցությունների ժամանակ:

«Այն, ինչ հրապարակվել է, դա համաձայնեցված է, ուստի Ալիևի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ այդ բանակցությունները երևի իրենց ոչ ձեռնտու ընթացք են ունեցել: Դա երևում է հետաքննության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ հարցի շրջանցումից: Դա գլխավոր հարցերից մեկն է, և եթե նա որոշում է, որ միայն Կասպրշիկի թիմի ընդլայնմամբ է լուծվելու այդ հարցը, դա որակական մեծ փոփոխություն առաջացնող հարց չէ, դրա համար էլ նա համաձայնել է դրան: Որակական է, եթե ամրագրվեր հետաքննությունների անցկացման մեխանիզմը շփման գծի երկայնքով»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ պարոն Ալիևին ձեռնտու չէ հետաքննության մեխանիզմների տեղադրումը, և նա պատրաստվում է դարձյալ խախտել հրադադարի ռեժիմը, սակայն չի ուզում, որ դա արձանագրվի միջազգային կառույցների կողմից:

Պատգամավորի խոսքով՝ Ալիևը դեռևս չի հասկացել, որ եթե Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում, անիմաստ է խոսել զիջման կամ փոխզիջման մասին: Առաջին անգամ չէ, որ ականատեսն ենք լինում, թե ինչպես է մի բան պայմանավորվում բանակցային սեղանի շուրջ, բայց, վերադառնալով Բաքու, այլ հայտարարություն անում, այսինքն` գործ ունենք բանակցելուն անպատրաստ Ադրբեջանի հետ: Ռուստամյանը վստահ է, որ Ալիևը նման բաներ է հայտարարում ներքին սպառման համար:

Ըստ նրա՝ գոյություն ունի երկու տիպի Ալիև` մեկը բանակցությւոնների սեղանին շուրջ է, մյուսը` իր սուլթանական գահին բազմած, և հոխորտում է Բաքվից: Պատգամավորը եզրակացնում է, որ երկակի խաղ է խաղում Ալիևը` մի կողմից խոսելով բանակցությունների մասին, մյուս կողմից էլ` կարծես պատրաստվում է պատերազմի` զորավարժություններ անցկացնելով:

«Այս անձն իր ռեժիմով չի կարողանում բանակցություններ վարել` միջազգային նորմերին համապատասխան: Նրա արածները նաև էթիկայի նորմերի մեջ չեն տեղավորվում.  եթե մի բան են պայմանավորվում, իրեն հարգող կողմը պետք է հարգի այդ պայմանավորվածությունը: Բավական է արդեն, բոլորը հոգնել են նրա երկակի խաղից: Սա պետք է ազդակ լինի միջնորդ կողմերի համար»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունը պետք է ձեռք բերվի փաթեթային, անգամ` եթե Ադրբեջանը Արցախի անկախ կարգավիճակի հարցն է ճանաչում, ապա հայկական կողմը դեմ չի լինի նաև փուլային տարբերակին, ընդ որում` Դաշնակցությունը ոչ մի զիջում չի կարող ընդունել, եթե Ադրբեջանը չի ճանաչել Արցախի անկախությունը: