կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-21 17:50
Քաղաքական

Ալիևը պարզապես խաղում է…

Ալիևը պարզապես խաղում է…

Ակնհայտ է, որ Ալիևը դեռևս չի հրաժարվել ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծելու մարտավարությունից և պատահական չէ, որ հենց այս օրերին են այնտեղ տեղի ունենում  զորավարժություններ, որոնք միջազգային  բոլոր նորմերի խախտմամբ են ընթանում. Yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:  

Անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրքում կայացած` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը` նա նշեց` Վիեննայի օրակարգի շարունակությունն էր ՌԴ-ում կայացած հանդիպումը, և այս անգամ իրական նախաձեռնողը Ռուսաստանն էր:

«Հանդիպումը չպետք է դիտարկել որպես առանձին բանակցային գործընթաց, ձևաչափ,  այլ` որպես Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող գործընթաց: Այս հանդիպման նախօրեին համանախագահողները հայտարարություն տարածեցին, որ սա բացառապես Ռուսաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությունն է: Այս հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը, զգալով, որ  այդ նախաձեռնությունը կարող է միջազգային ընկերակցության կողմից որակվել որպես սեպարատ գործընթաց կամ նախաձեռնություն, խուսափեց դրանից, և արձանագրվեց, որ նմանատիպ  հանդիպումները կլինեն շարունակական, բայց  այդ ամենը պետքն է դիտարկել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթների շրջանակներում»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը, մասնավորապես` միջնորդ երկրները, ճանաչում են Ռուսաստանի պատասխանատու դերակատարումը տարածաշրջանում: 

«Միջազգային  հանրությունը, միջնորդ երկրները, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները դրանով իսկ  ընդունում են Ռուսաստանի ռազմավարական նշանակությունն ու շահերը, նրա պատասխանատու  դերակատարումը: Սա նշանակում է նաև, որ Ռուսաստսանը ստանձնում է հավելյալ պատասխանատվություն` սեփական նախաձեռնություններով ապահովել խաթարված ռազմաքաղաքական բալանսը և հետո ստանձնել պատասխանատվություն` հետագայում կողմերի հետ հարաբերություններում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին  առաջացնել ռազմական  գործողություններ վերսկսելու գայթակղություն որևէ մեկի մոտ»,- ընդգծեց պատգամավորը:

Հարությունյանի խոսքով` Հայաստանը երբեք  խանդով չի վերաբերվել ռուս-ադրբեջանական փոխահարաբերություներին, ավելին` առիթ է եղել հայտարարելու, որ նման հարաբերությունների սերտացումը  կարող էլ օգտակար լինել տարածաշրջանի խաղաղ կարգավորման համար, եթե  այդ սերտացումը կամ ջերմացումը տեղի չի ունենում ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:

«Ռուսական կողմը, գիտակցելով այս հարցում իր ողջ պատասխանատվությունը,  հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում իր  առանցքային դերակատարումը, նախաձեռնում է խաղաղ բանակցային գործընթացի համար  անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու գործ:  Սանկտ Պետերբուրգի հանդիպման օրակարգը Վիեննայի հանդիպման օրակարգի շարունակությունն էր»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր:

Ըստ նրա` բոլորովին էլ պատահական չէ, որ նախագահների հանդիպման առանցքային թեզերից մեկը վստահության միջավայրի ստեղծումն է: «Որոշումները, որոնք կայացվել են Վիեննայում, դրանցից մեկի, մասնավորապես`  Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության  գործող նախագահի ներկայացուցչի  անձնակազմի  թվակազմի ավելացման վերաբերյալ է որոշակի  պայմանավորվածություններ  ձեռք բերվել: Պուտինը, օգտագործելով իր հեղինակությունը, կարողացել  է Ալիևից կորզել այդ համաձայնությունը»,- ասաց պատգամավորը:

Հարությունյանը նաև նշեց, որ այս փուլում կոնֆլիկտի կարգավորման շուրջ որևէ առարկայական  քննարկում չի կարող լինե,լ և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ  հետաքննության, մոնիտորինգի մեխանիզմները ներդրված չեն լիարժեք, և քանի դեռ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի` մոնիտորինգ անելու կարողությունները չեն լրացվել:

«Քանի դեռ  բանակցային գործընթացը չունի բանակցությունների համար անշրջելի  երաշխիքներ,  խոսելն արդեն իսկ անիմաստ է: Որևէ զիջում, որևէ քննարկում առարկայական չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ  այդ մեխանիզմները ներդրված չեն: Վիեննայում  և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները  նվիրված են բանակցային գործընթացի խաղաղ բնույթը ապահովելու անշրջելի երաշխիքներ ձևավորելուն, որի մասին խոսում էր դեռևս ապրիլի 3-ին հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանը: Չեն լինի այդպիսի հանդիպումներ, չի լինի  խաղաղ գործընթաց: Ապրիլյան զարգացումները դա ցույց տվեցին»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի` հիմա էլ  ակնհայտ է, որ Ալիևը դեռևս չի հրաժարվել ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծելու մարտավարությունից, և պատահական չէ, որ հենց այս օրերին  տեղի են ունենում  զորավարժություններ, ընդ որում` միջազգային նորմերի խախտմամբ: «Սա խոսում է այն  մասին, որ Ադրբեջանը հեռու է այդ գաղափարից, Ալիևը պարզապես խաղում է,  բայց մենք էլ, իմանալով այս ամենը, շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որ Ադրբեջանի մտքով չանցնի ռազմական ճանապարհով խնդիրը  լուծելու որևէ տարբերակ:  Ռուսաստանի` առաջին ջութակի դերակատարման  ստանձնումը  խոսում է այն մասին նաև, որ ՌԴ-ն նախկինում արած քայլերի մեջ որոշ սրբագրումներ պետք է մտցնի»,- ասաց պատգամավորը: