կարևոր
535 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 10:20
Հասարակություն

Տիգրան Ավինյանը ապօրինության նոր ռեկորդ է սահմանում. անտեսել դատավճիռները. «Ժողովուրդ»

Տիգրան Ավինյանը ապօրինության նոր ռեկորդ է սահմանում. անտեսել դատավճիռները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում ամենացածր ձայներով ընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է հերթական խստացման քաղաքականությունը մայրաքաղաքում՝ այս անգամ մտադիր լինելով առանց զիջման պայքարել վարչական շրջաններում առկա ապօրինի շինությունների դեմ։

Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկության համաձայն՝ այս պահին Ավինյանի գլխավոր թիրախը Գնունու շուկան է, որը պետք է ամբողջությամբ «մաքրվի»՝ անտեսելով անգամ դատական որոշումները: Սակայն այստեղ խնդիրներն ավելի խորքային են։ Բանն այն է, որ քաղաքապետարանի համար «ապօրինի» համարվող շինությունների մի մասն իրականում ունեն որոշ օրինական փաստաթղթեր։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ սեփականատերերը դատական կարգով արդեն իսկ հաղթել են քաղաքապետարանին։ Մեր աղբյուրները հիշեցնում են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Գյուրջյանի շինության մասին, որը երկու եղբայրների սեփականությունն է, եւ որը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով քանդվել էր. հետագայում, դատարանում հաղթելուց հետո, եղբայրները ոչ միայն վերականգնեցին շինությունը, այլեւ կառուցեցին ավելի մեծը ստանալով փոխհատուցումներ։

Սակայն Ավինյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իր թիմին հորդորել է չգնալ որեւէ զիջման, նույնիսկ եթե դա նշանակում է անտեսել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները։

Այլ կերպ ասած՝ թիմակիցներին ուղղված հրահանգն այն է, որ անհրաժեշտության դեպքում պետք է մերժել դատավճիռները, չկատարել դատարանի որոշումները, եւ եթե հարկ լինի նույնիսկ քրեաիրավական դաշտ մտնել։

Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ապօրինության նոր նշաձող է, քանի որ, ՀՀ օրենսդրության համաձայն, դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն վարչական խախտում է, այլեւ քրեական հանցագործություն։ Մեր աղբյուրների պնդմամբ, Տիգրան Ավինյանը փաստացի պատրաստ է իր աշխատակազմի անդամներին մղել դեպի ապօրինություն, միայն թե իր քաղաքական օրակարգը առաջ տանի:

Հիշեցնենք՝ նախկինում քաղաքապետարանն արդեն մի քանի դեպքերում պարտվել է դատարաններում, ինչը հանգեցրել է բյուջեից մեծ փողերի վճարման։ Հիմա Ավինյանը, ըստ ամենայնի, որոշել է գնալ հակառակ ուղղությամբ. փոխանակ ընդունի սխալներն ու գործի իրավական դաշտում՝ փորձելու է լուծել հարցերը վարչական ճնշմամբ»։