կարևոր
949 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 11:14
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, բարոյական իրավունք չունի մտնելու Գորիսի պետական քոլեջ

ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, բարոյական իրավունք չունի մտնելու Գորիսի պետական քոլեջ

Գորիսի պետական քոլեջի ֆեյսքության էջում տարածվել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, այն էլ Արաքսիա Սվաջյանի կարգադրությամբ, բարոյական իրավունք չունի մտնելու Գորիսի պետական քոլեջ, քանի դեռ....

Հոկտեմբերի 7-ին Գորիսի պետական քոլեջ է այցելում ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ինչի մասին քոլեջի ղեկավարությունն իրազեկվել է հոկտեմբերի 6-ի օրվա երկրորդ կեսին:

Նպատակն է՝ ներկայացնել նոր ստեղծվող քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

Այսօրվանից գործադուլի մեջ գտնվող Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը հարկ է համարում հայտարարել՝ ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը Գորիսի պետական քոլեջ այցելելու բարոյական իրավունք չունի, քանի դեռ...

Ներկայումս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանում տեղի է ունենում Կարեն Լազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության:

Նախնական դատական նիստի ընթացքում արդեն իսկ ի հայտ են եկել փաստեր, որոնց համաձայն (առերեւույթ) ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի գլխավորած հանձնաժողովը կատարել է հավաստագրման կարգի հետ կապ չունեցող գործողություններ, նաեւ իրավունք վերապահող փաստաթղթերի կեղծում, պաշտոնական լիազորությունների գերազանցում եւ ինքնիրավչություն:

Այդ հանձնաժողովի անդամներից մեկն էլ Արմենուհի Պողոսյանն է, ով, ըստ Հայցվորի միջնորդության, պետք է դատականչվի ու հարցաքննվի:

Միայն դատաքննության արդյունքում կպարզվի, թե ինչ դերակատարություն է ունեցել կամ չունեցել Արմենուհի Պողոսյանը դատարանում հնչած ապօրինությունների կազմակերպման գործում:

Մյուս կողմից՝ երկրի հակակոռուպցիոն մարմիններին ներկայացվող դիմումների քննարկման արդյունքում եւս պետք է ճշտվի նրա հնարավոր առնչությունները տեղի ունեցածի հետ:

Եվ քանի դեռ այդ հարցերը արդարադատության մարմինների կողմից չեն ճշտվել՝ Արմենուհի Պողոսյանը բարոյական իրավունք չունի մասնակցելու Գորիսի երկու քոլեջի միաձուլման գործընթացին:

Արմենուհի Պողոսյանի առաքելությունն առավել կասկածելի է դառնում այն հանգամանքով պայմանավորված, որ նրան Գորիս է գործուղել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, ով գլխավորել է ապօրինի գործողություններ ծավալած հանձնաժողովի աշխատանքները:

Նա նույնպես, Հայցվորի միջնորդությամբ, պետք է դատականչվի եւ հարցաքննվի՝ Գորիսի պետական քոլեջի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

Նրա անկողմնակալությունը եւ տեղի ունեցած ապօրինություններին անխառը լինելը պետք է հաստատվի կամ հերքվի երկրի հակակոռուպցիոն մարմինների կողմից:

Վերը շարադրված հանգամանքներով ենք մերժում եւ անցանկալի համարում նախարարության առաքյալի ներկայությունն այստեղ:

Իհարկե, Արմենուհի Պողոսյանը կարող է այցելել Գորիսի պետական քոլեջի շենք, բայց նրա հետ շփվելու կամ հաղորդակցվելու ցանկություն որեւէ մեկը չունի: Քոլեջի շենքում նրան կդիմավորեն դատարկ միջանցքներն ու սառը պատերը:

Իսկ մեր ներկայացուցիչները նրա հետ կհանդպեն դատարնի դահլիճում:

Բայց, եթե նախարար Ժաննա Անդրեասյանն իսկապես ուզում է նորմալ ձեւով կազմակերպել երկու քոլեջի միաձուլումը, ապա ինքը (ինչպես ներկայացված է գործադուլավորներիս պահանջի մեջ) անձամբ պետք է ներկայանա Գորիս, առերեսվի իրականության հետ, բացատրություններ տա մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք ի սկզբանե կապ չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների հետ:

Համակարգող խումբ