կարևոր
898 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 10:33
Հասարակություն

Փակել են ՔՊ ավագանու անդամ Ախտոյանի երեխաների մուտքը դպրոց. Մերձավանում լարվածությունը նոր փուլ է մտնում

Փակել են ՔՊ ավագանու անդամ Ախտոյանի երեխաների մուտքը դպրոց. Մերձավանում լարվածությունը նոր փուլ է մտնում

ArmLur.am-ի վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան Մերձավան գյուղում իրավիճակը կրկին սրվել է։ Մեր տեղեկություններով՝ տեղի բնակիչները փորձել են արգելել Մհեր Ախտոյանի եղբոր՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Փարաքարի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի երեխաների մուտքը դպրոց։

Ըստ ArmLur.am-ի՝ համայնքում տարածված լուրերից հետո, թե Դավիթ Ախտոյանի կինը պատրաստվում է երեխաներին ուղեկցել Մերձավանի դպրոց, մի խումբ քաղաքացիներ փակել են դեպի դպրոց տանող ճանապարհը՝ ի նշան բողոքի։ Նրանք պահանջել են, որպեսզի Ախտոյանների ընտանիքի ներկայացուցիչները առայժմ զերծ մնան հանրային վայրեր այցելելուց, մինչ իրավապահները վերջնականապես չպարզեն Վալոդյա Գրիգորյանի սպանության բոլոր հանգամանքները։

Բանն այն է, որ Մերձավան համայնքում խորանում է հանրային անվստահությունը Ախտոյանների ընտանիքի նկատմամբ՝ հատկապես այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Վալոդյա Գրիգորյանի հնարավոր սպանության կազմակերպիչներից մեկը կարող է լինել Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է երկիրը և նրան ճանապարհել է սպանության համար կալանավորված 20ամյա երիտասարդը։ Թեև այս փուլում իրավապահները պաշտոնապես որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ինչպես նաև քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Սպանությունը ցնցեց համայնքը։ Ընդամենը մի քանի օր անց՝ նույն Մերձավանում, գիշերը կոտրվել ու ջարդվել է սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ այս տարվա փետրվերի 5-ին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանը, ինչն էլ դարձավ նոր բախումների պատճառ։

Այսօր արդեն իրավիճակը Մերձավանում դուրս է գալիս վերահսկողությունից՝ իրավապահները փաստացի չեն կարողանում լիարժեք վերահսկողություն սահմանել համայնքում։ Փորձեր են արվում տեղում հսկողություն հաստատել, սակայն բնակիչները փաստում են՝ վախի մթնոլորտը մնում է գերակշռող։

ArmLur.am-ը շարունակում է սերտ կապ պահել իր տեղեկացված աղբյուրների հետ և առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ Մերձավանի իրադարձություններից։