կարևոր
859 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 09:44
Հասարակություն

71 հազար դոլար վարկ՝ ՔՊ-ական Հայկ Ղալումյանին. ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետը. «Ժողովուրդ»

71 հազար դոլար վարկ՝ ՔՊ-ական Հայկ Ղալումյանին. ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մասնագիտությամբ տնտեսագետ Հայկ Ղալումյանը, երկար ժամանակ աշխատելով «Հայէկոնոմբանկ»-ում, կարծես թե սերտել է խոշոր թվերով վարկ վերցնելու հմտությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը, նկատել է, որ նա ռեկորդային եկամուտներ է ստացել: Հայկ Ղալումյանի տարեկան եկամուտը կազմել է 49 մլն 216 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող Հայկ Ղալումյանը 71 հազար դոլար՝ գրեթե 27 մլն դրամ վարկ է ստացել:

Հետաքրքիր է, թե ինչպես է իրականացվում վարկի տրամադրման գործընթացը ՔՊ-ականների դեպքում, քանի որ հասարակ քաղաքացուն դժվար թե 27 մլն դրամ վարկ տրամադրեին։ Գուցե գործոնը դարձել է Փաշինյանի հետ քավորական կա՞պը… Դժվար է ասել։

Նշենք, որ Հայկ Ղալումյանի եկամուտներից 15 մլն 988 հազար դրամը աշխատավարձ է Տավուշի մարզպետարանի աշխատակազմից, իսկ 3 մլն 780 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մինասյանից։

Մարզպետ Ղալումյանը 1 մլն 574 հազար դրամ է ստացել ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նրա ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 37 մլն 693 հազար դրամ, որից միայն 14 մլն 744 հազար դրամն է բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։

Մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 հողամաս Իջեւանում, որը նվիրատվություն է, 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը Դավթաշեն վարչական շրջանում, մյուսը՝ Իջեւանում, 1 Արտադրական նշանակության շինություն, որը գտնվում է Գանձաքարում։

Ղալումյանը 2021 թվականին ձեռք է բերել MITSUBISHI մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 18 դոլար, 7 մլն 537 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ, 10 հազար դոլար։

Հարկ է նշել, որ ՔՊ-ի նեղ շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ ու վստահելի մարդը հենց Հայկ Ղալումյանն է, որը Փաշինյանին ուղեկցում է գրեթե բոլոր ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ»։