կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 14:20
Առանց Կատեգորիա

Կոմիտաս 5 կամ մեր բարոյականության խոցված սահմանները

Կոմիտաս 5 կամ մեր բարոյականության խոցված սահմանները

Լիլիթ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

Ինչ ծանր է ամեն օրն այս 44 աստիճանի վրա, որ Հայաստանի Հանրապետությունից առավել՝ նախ Հայրենիք է կոչվում։ Ծանր, շատ ծանր է ապրել հայրենիք- պետությանդ մեջ ու չհավատալ։ Հավատալու, չհուսահատվելու, Հայրենիքին ու նրա ապագային նվիրվելու մղումը արդարության ու արժանապատվության փոքրիկ-փոքրիկ օազիսներ է գոյացնում, ներշնչում, որ ամեն ինչ կորած չէ, ներշնչում, որ անկշտումությունը սահման ունի, մարդկային բանականությունը, խիղճը, չափի զգացողությունը, վերջապես քաղաքական իմաստնությունն ու բարոյականությունը չեն լքել մեր մի բուռ, խոցված սահմանները։
Պարզից էլ պարզ է, քրիստոնեական ու համամարդկային. չես հավատում՝ չկաս...


Ինչպես չկա հայ երիտասարդության այն 70 տոկոսը, ով չի հավատում իր երկրին ու առաջին իսկ առիթի դեպքում քառատրոփ կփախնի Հայրենիքից։ Հայաստանի Հանրապետությունն իր համոզումներում ընդամենը աշխարհագրություն է դարձել, նա ընդամենը մարդահամարի ցուցանիշ է, քաղաքացիապես, իբրև ազգային հարստություն ու անվտանգության գործոն նա չկա։ Միթե դժվար է սա ընկալել, հասկանալ, գիտակցել...


Նայում եմ Կոմիտաս 5-ում ոստիկանների վարքագիծն ու փորձում, ինձ ներշնչում հավատալ, թե նրանք հանրային կարգ են պաշպանում, մեր բոլորի խաղաղ համակեցությունն ու մարդկային իրավունքները։


Այնքան եմ ուզում հավատալ...նույնիսկ, երբ մայթին կանգնածներին են գետնաքարշ խոթում ոստիկանական մեքենաները։ Հավատում եմ նաև հակարանիքի վերածվող վիրավորանքս մեղմելու, հուսահատ աղջիկների ու կանանց անզոր ճիչը չեզոքացնելու, Սումգայիթ, Բաքու, թուրք բառերն այդ համատեքստում լսած չլինելու համար։


Հավատիս վերջին փշուրները փոշինում են, երբ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ամենավերջում, երբ փողոցը «մաքրված է» է ու օպերացիան «գլուխ բերած», անկեղծանում է՝ «Ինչի պիտի չկառուցվի, որ, լավ էլ լավ շենք ա, բոլոր նորմերը պահած, սեյսմակայուն, էսթետիկ, դիզայնով..»։ Ահա և վերջ...


Հիմա մտածում եմ, ո՞նց անենք, որ էս փոխգնդապետի քաղաքաշինական տաղանդը Նարեկ Սարգսյանը նկատի, թե չէ՝ ի~նչ հասարակական կարգ, ի~նչ խոչընդոտել, ի~նչ հանրային տարածք...ինչ ՀՀ օրենքներ...
Իսկ ես, այնուամենայնիվ հավատում եմ՝ մեր քաղաքն ԻՍԿԱՆԱՆ տերեր ունի ու նրանք քիչ չեն։