կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 22:38
Իրավական

Մեկնարկել է էլեկտրոնային հանրային պաշտպան ծրագիրը

Մեկնարկել է էլեկտրոնային հանրային պաշտպան ծրագիրը

Հունիսի 3-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացվել է ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող Հանրային պաշտպանի գրասենյակների փաստաթղթաշրջանառությունը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին՝ Պալատի նախագահը նշել է, որ դրա գործարկմամբ հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը զգալիորեն կթեթևանա: «Ծրագիրն ունի գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման համակարգ: Հանրային պաշտպանները հնարավորություն կստանան ցանկացած պահի և ցանկացած վայրից կատարել իրենց աշխատանքային գործառույթները, ստանալ հանձնարարականներ, իսկ ՀՊԳ ղեկավարին հնարավորություն կտա արդյունավետ կերպով բաշխել գործերը, իրականացնել հսկողություն, վարել ընթացիկ և ավարտված գործերի վիճակագրություն և այլ գործառույթներ»,-նշել է նա:
Բնական համարելով համակարգով աշխատելու սկզբնական վախերն ու անհանգստությունները՝ Արա Զոհրաբյանը զուգահեռներ է անցկացրել Փաստաբանների պալատում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի հետ՝ նշելով, որ աշխատակազմը արագ է յուրացրել կիրառման սկզբունքները: Պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարությանը ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև ABA ROLI հայաստանյան ներկայացուցչությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին ծրագրի ներդրման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը և ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ջեկ Անդերսոնը: 
Անդրադառնալով ծրագրի կիրարկմանը՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ իրենց կազմակերպության ուսումնասիրություները ցույց են տվել, որ հանրային պաշտպանների աշխատանքում մեծ ջանքեր և ժամանակ են պահանջել փաստաթղթաշրջանառությանն առնչվող խնդիրները: Նա նշել է, որ Հայկական Ծրագրերի ստեղծած այս գործիքն առավել կհեշտանացնի հանրային պաշտպանների աշխատանքը՝ նպաստելով ծանրաբեռնվածության թեթևացմանն ու աշխատանքի թափանցիկությանը: 
Ջեկ Անդերսոնը, նույնպես ողջունել է ծրագիրը՝ նշելով Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկրի արդարադատության համակարգի տեխնիկական կատարելագործմանն ուղղված ծրագրերում:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ծրագրի իրականացման համար: Նա նշել է, որ ծրագրով ներդրված մոդուլների արդյունավետ կիրառման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը: Նա ընդգծել է, որ ծրագիրն իր տեսակով միակն է ամբողջ տարածաշրջանում և այս իմաստով դրա կատարելագործման և զարգացման համար ակնկալում է շարունակական համագործակցություն: 
Ելույթներին հաջորդել է «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական ներկայացումը, որը վարել է ՀՊԳ ղեկավարի տեղակալ Վարսեր Կարապետյանը: Ներկայացնելով ծրագրի ընձեռած հնարավորությունները և կիրառման հիմնական սկզբունքները՝ Վարսեր Կարապետյանը պատասխանել է նաև միջոցառման մասնակիցների հարցերին: 


  Տեղեկանք 
«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիրը նախատեսված է հեշտացնելու, կենտրոնացնելու և առավելագույնս արդյունավետ դարձնելու ՀՊԳ-ի գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է ՀՊԳ-ի էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման համակարգ: 
Ծրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիս, չգտնվելով աշխատավայրում և նույնիսկ քաղաքում, կատարել իրենց աշխատանքային գործառույթները` հանձնարարականներ ստանալ: 
Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը թարմացվում է յուրաքանչյուր պահի:
Ծրագրով ակնկալվում է.տնտեսել հանրային պաշտպանների ժամանակը և թեթևացնել նրանց ծանրաբեռնվածությունը, 
հանրային պաշտպանի գրասենյակում ստեղծել միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը կհեշտացնի՝ 
հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը, փաստաթղթերի կազմումը, տեղեկատվության որոնումը և առցանց օգտագործումը:

Էլեկտրոնային հանրային պաշտպանի գրասենյակն ունի հետևյալ հնարավորությունները՝ 

  • Ø հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում. 
  • Ø հանրային պաշտպանի կողմից տրամադրվող հաշվետվության ավտոմատացում. 
  • Ø հանրային պաշտպանների միջև, հանրային պաշտպանների և հանրային պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև փաստաբանների պալատի միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման ապահովում.
  • Ø վստահորդների տվյալների շտեմարանների վարում. 
  • Ø տիպային փաստաթղթերի գեներացում. 
    յուրաքանչյուր գործով (խորհրդատվություն, փաստաթղթի կազմում, ներկայացուցչություն, պաշտպանություն և այլն)
  • Ø առանձին էլ. գրասենյակի վարման հնարավորություն. 
  • Ø դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում և դրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ համապատասխան հիշեցում. 
  • Ø էլեկտրոնային արխիվի վարում. 
  • Ø համակարգում անհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնումների իրականացում:

«Հանրային պաշտպան» էլեկտրոնային համակարգի վեբ ինտերֆեյս առավել մատչելի մուտք գործելու և ծրագրից օգտվելու համար մշակվել են նաև համապատասխան ծրագրեր IOS և Android համակարգերում գործարկելու համար: