կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 11:29
Հասարակություն

Կառավարությունը կքննարկի Հայաստանի և Շվեյցարիայի միջև վիզաների դյուրացման հարցը

Կառավարությունը կքննարկի Հայաստանի և Շվեյցարիայի միջև վիզաների դյուրացման հարցը

Կառավարության վաղվա նիստում արտաքին գործերի նախարարությունը ներառել է ՀՀ և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին որոշմանը հավանություն տալու մասին հարցը:

 «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016 փետրվարի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:

 Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյուրացումները, որոնք Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

Համաձայնագրով նախատեսված՝ վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, արքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ, հիշյալ Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով:

Հայաստանի և Շվեյցարիայի ազգային օրենսդրությունը կիրառվում է Համաձայնագրով չկարգավորվող այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են վիզայի տրամադրման մերժումը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները: