| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
«Նիստի մասնակիցներին ողջունի խոսք ուղղեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Փոխնախարար Նազարյանն իր խոսքում շեշտեց, որ ներկայումս միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգության ոլորտում ԵՄ առաջ կանգնած մարտահրավերների հետ մեկտեղ պետք է ճանապարհներ գտնել շարժունակության և մարդկանց միջև շփումների համատեղ հանձնառությունը պահպանելու համար: Նշվեց նաև, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թե Վիզաների դյուրացման և թե Հետընդունման ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը, և հույս հայտնեց նաև, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համաձայնագրի իրականացման հետ կապված մի շարք գործնական հարցերի: ԵՄ կողմն արձանագրեց վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագրերի դիմումների աճը: Երկուստեք շեշտվեց հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:
Հայկական կողմից վերը նշված նիստերը նախագահում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ԵՄ կողմից` Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության Վիզաների քաղաքականության բաժանմունքի պետի տեղակալ Դիդրիկ Պալմանը և նույն տնօրինության Անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի «Վերադարձի և հետընդունման» ոլորտի ղեկավար Դան Ռոտենբերգը:
Ի գիտություն. Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված էր համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Կոմիտեների անդրանիկ նիստերը տեղի են ունեցել 2014թ.-ի սեպտեմբերին՝ Երևանում»,-ասվում է հաղորդագրությունում: