կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 18:42
Քաղաքական

ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի այլ տարբերակ գոյություն չունի. ԵԱՀԿ ԽՎ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ

ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի այլ տարբերակ գոյություն չունի. ԵԱՀԿ ԽՎ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

 Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ դերակատարումը՝ որպես համաեվրոպական անվտանգության ոլորտի կարևոր կազմակերպություն և մասնակից երկրների միջև իրավահավասար երկխոսության կարևորագույն հարթակ: Նախագահի համոզմամբ, ԵԱՀԿ խորհրդարանական ձևաչափը համագործակցության և երկխոսության լայն հնարավորություն է ստեղծում խորհրդարանականների միջև շփումների, համագործակցության հնարավորություններն օգտագործելու՝ ի նպաստ անվտանգության և ժողովուրդների երկխոսության խրախուսման:


Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիստիան Վիգենինի ունեցած հարուստ փորձառությունը՝ որպես պատգամավոր, նաև որպես Բուլղարիայի նախկին կառավարության անդամ, հնարավորություն կտա նրան իր առջև դրված խնդիրների լուծմանը մոտենալ շատ ավելի համապարփակ:

 

Նշելով, որ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ՀՀ-ում ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի, Նախագահը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության գործունեությունն ավելի կակտիվանա:

 Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նախ շնորհավորել է ՀՀ Նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված կարևոր քայլի կապակցությամբ: Քրիստիան Վիգենինը նշել է, որ տևական խաղաղության հասնելու համար դեռևս անհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել: Այս իրավիճակում, ըստ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ԽՎ-ն իր դերակատարությունը տեսնում է խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին օժանդակելու մեջ:

 «Վերահաստատում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ-ի համար ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի, և ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,-շեշտել է Քրիստիան Վիգենինը: