Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա հնարավոր ջանքերին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառությունը: Նախագահը Սարգսյանը կարևորել է ս.թ. մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, ներառյալ` այդ երկրների նախագահների մակարդակով 2009թ-ից ի վեր արված հայտարարություններին:
Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները, իրավամբ, արդար էին և միանգամայն համարժեք իրավիճակին:
Նա վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին, շեշտելով, որ այդ ձևաչափի պահպանման հարցում ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ: