Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հույս ունեմ՝ երեկ հանգիստ քնել եք, որովհետև հարցեր քննարկելու պահանջով այստեղ եկած ուսանողներից 24-ը հայտնվեցին բաժնում․ ըստ Yerkir.am-ի, Արայիկ Հարությունյանին հարցրեց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ ԿԳՄՍ նախարարությունում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ժամանակ։
Մինչև նախարար նշանակվելն էլ լավ չէի քնում՝ արձագանքեց նախարարը․ ըստ նրա՝ նախորդների խայտառակ ժառանգությունն էր պատճառը։ Առավել ևս, նախարար նշանակվելուց հետո Արայիկ Հարությունյանի քունն ու հանգիստը խանգարվել է․ «Որովհետև ծանոթացա նաև օրիորդի ներկայացրած կուսակցության ժառանգությանը»։
Երեկ տեղի ունեցածը նախարարի հանգստի ու քնի վրա այլ դրսևրորումներ չի ունեցել։ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Առաջիկա տարիներին էլ հանգիստ չի լինելու իմ քունը»։
Քրիստինե Վարդանյանը նախարարին հանձնեց երեկ՝ ակցիայի ժամանակ ցուցարարների հրապարակած հրաժարականի դիմումը։
ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստը իր հետ ևս մեկ մետրոյի ժետոն էր բերել։ Այս անգամ Արայիկ Հարությունյանին տվեց, որ առաջվա պես տուն գնա հասարակական տրանսպորտով և տեսնի՝ ինչ է կատարվում ժողովրդի մեջ, քանզի պատերի հետևում նա կտրվել է իրականությունից:
ԿԳՄՍ նախարարը ժամադրեց ցուցարարներին․ այսօր երեկոյան 1-2 ժամով քաղաքի կենտրոնում է լինելու, բայց կոնկրետ չհստակեցրեց՝ որտեղ։
Քրիստինե Վարդանյանը ելույթում նշեց, որ չի ցանկանում քաղաքական շահարկումներ լինեն՝ հաշվի առնելով, որ ինքը կուսակցական է։ Վերջին շրջանում նման վատ պրակտիկա ձևավորվել է․ «Եթե կան հարցեր, ապա դուք գիտեք հասցեատերերին»:
Բուհերի անկախության մասին խոսելով՝ նա ասաց, որ եթե նախարարությունը դա ցանկանում է, ապա ինչո՞ւ է բուհերի կառավարման խորհուրդներում նախարարության կողմից նշանակվող մարդկանց քանակն ավելացնում․ «Հետևաբար, հայագիտական առարկաների դասավանդման հարցը բուհերին թողնելը և դրանով հայտարարելը, որ, այդպիսով, բուհերը ավելի անկախ են դառնում, արհեստական օրակարգ է»:
Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծով նախատեսվում է բուհերի ուսումնական գործընթացում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նշված օրինագիծը չեղարկելու և այլ պահանջներով երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում նախաձեռնած ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել․ 19-ին տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, 5-ին՝ Էրեբունու բաժին։ Մինչ այդ ՀՅԴ ՀԵՄ-ը 15-օրյա նստացույց և բողոքի քայլերթեր էր իրականացրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, քանի որ նրանց համոզմամբ՝ կրթության ոլորտի քաղաքականությունը նախարարը ձախողել է։