կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-11 12:28
Հասարակություն

Ադրբեջանում վայնասուն է. Արմեն Ռուստամյանը վերահաստատում է իր երեկվա խոսքերը

Ադրբեջանում վայնասուն է. Արմեն Ռուստամյանը վերահաստատում է իր երեկվա խոսքերը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությունը, թե ըստ էության, չի կարող հերքել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, որ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք», վայնասուն է առաջացրել ադրբեջանական կայքերում: Ավելին` ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ասել է. «Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը` միջուկային զենքի ու դրա չտարածման հետ կապված: Դուք գիտեք մեր մոտեցումը, և դա շատ պարզ է»:

Այսօր լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ իր հայտարարությունից առաջ միջուկային զենքի վերաբերյալ հայտարարություն արել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ապա հիշեցրեց երեկվա իր ասածները. «Ես ասել եմ, որ եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր հասանելի չլինել բոլորին, այդ առումով` հավատում եմ նրա խոսքերին: Հիմա եթե դրանից Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին»:

Ըստ պատգամավորի` Ադրբեջանն արդեն իսկ կիրառում է զանգվածային ոչնչացման զենքեր` դրանով սպառնալով Հայաստանին ու Արցախին և չունենալով դրա համար ո'չ հիմք, ո'չ արտոնություն ու հնարավորություն: Իսկ Հայաստանն ամեն պահի պետք է մտածի իր պաշտպանությունը ուժեղացնելու մասին և պետք է դա իրականացնի բոլոր հնարավոր միջոցներով:

«Հայաստանի առջև կանգնած է շատ լուրջ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ: Նույն ԵՄ ներկայացուցիչները փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ անընդհատ խոստանալով իր սպառազինություններն ավելացնել, ոչինչ չի ձեռնարկում, մինչդեռ որևէ հիմք չկա մտածելու, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ նոր ավանտյուրա չի սկսի, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանի կարծիքով` Հայաստանը եղել է միջուկային տերության մաս, և թե ինչպե՞ս է բաշխվել այդ ամենը, դեռևս դրա հետ կապված անհայտ պատմություններ կան:

Հարցին` վտանգավոր չի լինի՞ Հայաստանի համար, եթե պարզվի, որ Հայաստանն, իրոք, ունի միջուկային զենք, նա պատասխանեց. «Եթե նման բան պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:

Պատգամավորը խնդիր չի տեսնում, թող գան ու ստուգեն, բայց թող նաև ստուգեն զենքի բալանսը: «Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ` թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում` կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են` ըստ էության»,- ասաց Արմեն Ռուստամյանը: