կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-11 11:43
Մշակույթ

Կոմիտասի անվան քառյակի համերգի հասույթը կհատկացվի վիրավոր զինվորների ապաքինմանը

Կոմիտասի անվան քառյակի համերգի հասույթը կհատկացվի վիրավոր զինվորների ապաքինմանը

Վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը: Համերգի ընթացքում կհնչեն Պ. Չայկովսկու N2, Ս. Սարգսյանի` Է. Միրզոյանին նվիրված և Է. Հովհաննիսյանի N3 կվարտետները:

Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի /1-ին ջութակ/, Լևոն Օհանջանյանի /2-րդ ջութակ/, Միքայել Տերյանի /ալտ/ և Սարգիս Ասլամազյանի /թավջութակ/ նախաձեռնությամբ: Քառյակի երաժիշտներից յուրաքանչյուրի կատարողականությունը աչքի է ընկնում անհատականությամբ և ինքնատիպությամբ, միևնույն ժամանակ նրանք անքակտելիորեն կապված են և լրացնում են միմյանց՝ կազմելով օրգանական ամբողջություն: Քառյակի պատմության ընթացքում նրա կազմը բազմիցս փոփոխվել է: Այնուհանդերձ, անսամբլի նվագը միշտ առանձնացել է բարձր պրոֆեսիոնալիզմով:

Նշենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակի ներկայիս կազմում ընդգրկված են Էդուարդ Թադևոսյանը /1-ին ջութակ/, Սյուզի Երիցյանը /2-րդ ջութակ/, Ալեքսանդր Կոսեմյանը /ալտ/, Հասմիկ Վարդանյանը /թավջութակ/: Քառյակի նվագացանկն ընդգրկում է Կոմիտասի երգերի մշակումները, հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների նշանակալի երկեր: