Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ հակառակորդը զորք է կուտակում սահմանագծին, հայկական կամավորական ջոկատների հրամանատարները կոչ են արել տղերքին՝ դիրքեր մեկնել, քան այն, որ հայ զինվորները մնացել են առանց անձրեւանոց: Գուցե որովհետեւ ես մայր չեմ եւ չեմ էլ կարող դառնալ, չեմ էլ կարող հասկանալ, թե մայրն ինչ է: Փոխարենը ես հասկանում եմ, որ զինվորական անձրեւանոցը թրջվելու առանձնահատկութուն ունի, եւ քանի որ ամեն զինվոր մի անձրեւանոց ունի, եւ եթե անձրեւը շարունակ գալիս է, ապա զինվորները թաց անձրեւանոցներով են լինելու: Բացի այդ եւ ամենակարեւորը, պատերազմի ժամանակ սահմանում գտնվող զինվորին ամեն ինչ, եթե դա զենք չէ, խանգարում է, այնպես որ մի' ուռճացրեք այս «զոնտիկային» խոսակցությունները:
Դուք չգիտեմ, բայց ես, երբ սահման են կանչում նրանք, ովքեր սահմանին են արդեն /կամավորական ջոկատների հրամանատարների կոչը/, անհանգստանում եմ, չեմ ոգեւորվում, չեմ բղավում՝ մենք միասնական ենք, չեմ ուրախանում մեր միասնականությամբ, անհանգստանում եմ: Նշանակում է` կարիքը կա, անձրեւանոցների չէ, տղերքի: Ուրեմն տղերքը մի բան գիտեն, գիտեն ու չեն ասում, ասում են, բայց այնպես, որ քչերը հասկանան, ասում են՝ տղե'րք, եկե'ք, ասում են մայիսի մեկին` այն բանից առաջ, երբ հայտնի է դառնում, որ թշնամին կուտակվում է, ու անձրեւ է գալիս, : Ի դեպ, մայիսն է, էլ ապրիլը չէ:
Ես չգիտեմ, թե ձեզ ինչ է ասում մայիսյան այս անձրեւը, կամ ասո՞ւմ է արդյոք, բայց ինչ-որ ասելիք ունի. իզուր չէր գա, եթե ասելիք չունենար, չէր գա: Անձրեւը միշտ միջանկյալ բան է, հետո կամ ձյուն է գալիս, կամ արեւ է ելնում: Անձրեւի պահին ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու հետո, բայց բոլորը գիտեն, որ մի բան լինելու է, որ անձրեւը միշտ չէ, անձրեւը դրա համար էլ ամենավատ բանն է, անձրեւը անորոշությունն է, սպասումը` կա'մ ձյան, կա'մ արեւի:
Ու եթե անգամ անձրեւից հետո ձյուն գա, միեւնույն է` դրան նախորդած անձրեւն ավելի սարսափելի է, քան ցանկացած ձյուն:
Լինելու են, իհարկե, տղերք, որոնք լսելու են իրենց ընկերներին եւ գնալու են, թշնամու կուտակումներն էլ, անշուշտ, ինչ-որ բանի համար են, եթե անգամ այդ ինչ-որ բանը միայն բարոյական, հոգեբանական վնաս հասցնելն է: Նրանք կուտակվում են` մենք էլ, նրանք կրակում են` մենք էլ,եւ անձրեւ է գալիս, բայց դադարելու է, իսկ մայիսին Հայաստանում ձյուն չի գալիս:
Հովիկ Աֆյան