կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 13:35
Առանց Կատեգորիա

Երբ մերոնք մտնեն Եվլախ...

Երբ մերոնք մտնեն Եվլախ...

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ադրբեջանական հայաորսը հասել է այնտեղ, որ արդեն իրենք իրենց մեջ են հայեր փնտրում: Փնտրում, գտնում են, չեն գտնում՝ հորինում են, և ով ում վրա ատամ ունի, դիմացինին հայ է սարքում:

Մի դեպք հիշեցի, իրական է, չեմ հորինում: Սիսիանի Թանահատ գյուղում (նախկինում ՝ Ջոմարդլու), երբ անցնում էինք մի քանդված տան կիսականգուն պատերի մոտով, գյուղապետը ասաց` այս տանն է ծնվել Հեյդար Ալիևը: Մի քանի կադր նկարահանելուց հետո զրուցում եմ գյուղապետի հետ:

Պատմում է, որ ամբողջովին բնակեցված էր ադրբեջանցիներով: Այս գյուղի բնակիչները, ի տարբերություն այլ ադրբեջանաբնակ գյուղերի, չմերվող էին, այսինքն՝ հայերի հետ համարյա չէին շփվում կամ դժվար էին շփվում: Ալիևի օրոք այստեղից Բաքու ավտոբուս էր աշխատում, ասում է ու ավելացնում` Ալիևի հրահանգով Բաքու-Սիսիան ավտոբուսը իր երթուղին վերջացնում էր Ջոմարդլուում:

Գիտեի, որ Ալիևը այդ գյուղում է ծնվել, բայց հենց այնպես ասացի.

- Բայց կենսագրականում գրված է, որ ծնվել է Նախիջևանում:

Այստեղ գյուղապետը սկսեց հանգամանալից պատմել Հեյդարի ստեղծման, ծննդյան և հետծննդյան տարիների ժամանակագրությունը: Փորձեմ վերապատմել մեր զրույցից հետաքրքիր դրվագներ: Ուրեմն` նախորդ դարի քսանականներն են: Ջոմարդլու է գալիս Սիսիանի շրջանը սպասարկող նալբանդը: Այդ տարիներին նալբանդները գիշերակացով շրջում էին գյուղերում, լինում էին գյուղեր, որտեղ նալբանդը մնում էր մի քանի օր: 1922թ. օգոստոսի սկզբներին Ջոմարդլու եկած նալբանդը գյուղում մնաց մոտ երկու շաբաթ: 1923 թ.մայիսին Ջոմարդլուն ականատես եղավ մի խայտառակության, որ այն ժամանակների համար պատկերացնելու չէր: Ամուրի կինը ապօրինի զավակ ծննդաբերեց և, բնականաբար, չկարողացավ շարունակել ապրել այդ գյուղում: Նա, վերցնելով փոքրիկ Հեյդարին, հեռացավ Նախիջևան: Հետագայում Հեյդարի կենսագրականում գրվեց՝ ծնվել է Նախչևանում: Ինձ ծանոթ պատմություն էր նրա ծննդավայրի մասին տեղեկության կեղծումը, բայց լրիվ անծանոթ էր նալբանդի պատմությունը, հետևաբար, չէի չկարող չհարցնել նալբանդի` ով լինելու մասին:

-Վերևի գյուղերից մեկում է ապրելիս եղել,- գլխով ցույց տալով հեռուներում երևացող գյուղակները` ասաց գյուղապետը:

- Հայ է՞ր,- հարցնում եմ:

Գյուղապետը, կարծես ակնկալելով հետագա հարցս, ուսերը վեր ցցեց, քթի տակ թեթև ժպտաց ու ասաց.

- Ինչ չգիտեմ, չգիտեմ,- ասաց, հետո քթի տակ թեթև ժպիտով ավելացրեց,- չեմ կարող ասել, չգիտեմ:

Վերջին «չգիտեմը» կարծես ինքն իրեն էր համոզում, որ չգիտի, իսկ ես զգում էի, որ գիտի, լսել է, բայց իր համար դա փակ թեմա է, և վերջ: Գուցե սխալվում եմ, բայց այդպես ինձ թվաց: Հետո փորձեցի ճշտել վերևի գյուղ ասվածի անունը:

-Ինչիդ է՞ պետք,- շեղ հայացք գցեց վրաս գյուղապետը:

-Հետաքրքիր է,- ասացի,- կարելի գտնել նալբանդի շառավիղներին:

-Էդ գյուղում հայերի հետ նաև քրդեր են ապրել,- ասաց գյուղապետը:

-Հիմա էդ նալբանդը հայ է՞ր, թե՞ քուրդ,- շարունակում եմ խոսեցնել գյուղապետին:

-Չգիտեմ…իրենք էլ չգիտեն, դար է անցել….,- քիչ դադար տալուց հետո շարունակում է,- ասում են Ստալինն էլ կեսով հայ էր… հետո՞:

Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Մտածում եմ՝ ասեմ, թող իմանան, մարդ ես, հանկարծ ու ցուցակը ընդլայնելու ցանկություն ունենան: Իհարկե, ոչ հիմա..., երբ մերոնք մտնեն Եվլախ»: