կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 15:07
Հասարակություն

Անձամբ հանդիպելու եմ գործարարների հետ, որ հաշմանդամ զինծառայողներին աշխատանքի ընդունեն, և նրանք կյանք մտնեն. ՀՀ նախագահ

Անձամբ հանդիպելու եմ գործարարների հետ, որ հաշմանդամ զինծառայողներին աշխատանքի ընդունեն, և նրանք կյանք մտնեն.  ՀՀ նախագահ

Բանակն ինչ-որ իմաստով մեր ազգային զինանշանն է, որովհետև մեր նման երկիրն իր այս հանգրվանում պարփակում է իր մեջ բանակը, և բանակը դառնում է նրա առանցքային գործոններից մեկը: Այս մասին նախագահականում Բանակի օրվա առթիվ պարգևատրման արարողությունից հետո լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը շեշտեց, որ զինծառայողը երկու կամ հինգ տարի ծառայելուց հետո, երբ վերադառնա քաղաքացիական կյանքին, պետք է պատրաստ լինի, այլ ոչ թե անելիք չունենա: «Հետևաբար, բանակը պետք է դպրոց լինի: Բանակը դպրոց է, որովհետև մեր կյանքի պարզ արտացոլումն է, եթե մեր կյանքում կոռուպցիա կա, միանգամից բանակում տեսնում ենք: Շատ էական է, որ մեզ նման երկրներն իրենց հաջողությունը ապագայում կապեն բանակ-հասարակություն, բանակ-արդյունաբերություն և արտադրություն գաղափարների հետ: Ընդ որում` բանակը պատվիրատու է, և դա չի նշանակում, որ նրան ինչ-որ բան է  պետք, կամ կա, ենթադրենք, արտասահմանյան ինչ-որ զենք, դրա տարբերակը արտատպենք, ոչ: Բանակը պետք է կոնկրետ խնդիրներ դնի և կոնկրետ գեներացնի, լոկոմոտիվի նման խնդիրներ դնի, որպեսզի լուծեն դրան և լուծեն թե' գիտությունների ակադեմիան, թե' համալսարանը, թե' առանձին անհատ ձենռներեցներ, որոնք ստարտափներ ունեն այսօրվա կյանքում: Իսկ մեր բանակը լինելու է  նոր ժամանակի բանակ, էլեկտորանային բանակ»,- ասաց նախագահը:

Նա անդրադարձավ բանակում վիրավորված զինծառայողներին: «Այն տղաները, որոնք ծառայել են և խնդիրներ ունեն, այսինքն` վիրավորվել են, հիմա հաշմանդամ են, այդ մարդկանց չի կարելի մոռանալ, շատ պարզ պատճառով: Այո, չենք մոռանում, ուշադիր ենք, զանազան բարեգործական կազմակերպույթյուններ ուշադիր են նրանց նկատմամբ: Այո, թոշակ են ստանում, սակայն, այս բոլորից բացի, կա մի պարզ հարց` ինքնության  ու արժանապտվության: Նրանք երիտասարդ մարդիկ են, չեն կարող 60 տարի թոշակ ստանալ, պետք է նրանց հետ բերել կյանք: Այն մարդը, որն անդամալույծ է, հաստատ ինչ-որ տաղանդ ունի, պետք է գտնել, օգնել, սովորեցնել լրացուցիչ կրթությամբ և ներգրավել աշխատանքի մեջ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Դիմելով լրագրողներին` նախագահն ասաց. «Ես ձեզ խնդրում եմ, գործարարներին ուղղված ձեր հարցերի մեջ հնչեցրեք` ի՞նչ եք արել հաշմանդամների համար, որովհետև եթե դու գործարար մարդ ես, ունես 100 աշխատող, գոնե մի հոգու կարո՞ղ ես աշխատանքի վերցնել: Իհարկե, կարող ես: Ինչպես ես եմ անում»:

Այնուհետև նախագահը հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ չենք կարողանում տղաներին ընդունել, օրինակ, համալսարանում ադմինստրատիվ, գուցե դասախոսական աշխատանքի, ակադեմիայում` բարեգործական ծրագրերում և այլն: Պետք չէ, որ սա օրենսդրությամբ կարգավորվի: Ես իմ օրինակով ցույց եմ տալիս և անձնապես հանդիպելու եմ մեծ ընկերությունների հետ, խնդրեմ, մի քիչ կոշտ տոնով /կատակում է/, որպեսզի նրանք այդ նույն բանն անեն, և այդ հարյուրավոր մեր երիտասարդները նորից կյանքի կմտնեն»:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ պետք է մտածել` ինչ սովորեցնենք, ինչպես սովորեցնենք կամ ինչ մասնագիտություն: Ըստ նրա` ամեն մարդ ծրագրավորող չի կարող դառնալ: «Մեկը կարող է դառնալ լրագրող, վերլուծաբան, հետո ի՞նչ, որ անդամալույծ է»,- եզրափակեց նախագահը: