կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 19:06
Հասարակություն

Ամեն գնով Սփյուռք-Արցախ-Հայաստան համախմբումը պետք է պահենք. Պետո Դեմիրճյան

Ամեն գնով Սփյուռք-Արցախ-Հայաստան համախմբումը պետք է պահենք. Պետո Դեմիրճյան

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում,անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և հաջորդող իրադարձություններին, ասաց. «Հատկապես ապրիլյան չորսօրյա գործողությունները ցույց տվեցին, որ եթե որևէ մեկի մոտ տարակուսանք կար, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են գործում հայերի դեմ, ապա հիմա որևէ կասկած չկա: Սա երևան եկավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, և այս առումով` մենք, խոսքս սփյուռքահայության մասին է, Հայ Դատի աշխատակիցներս, հաստատում ենք, որ այդպես է, և մենք պետք է պայքարենք այս երկու երկրների դեմ: Շատ հաճախ Ադրբեջանը Թուրքիայից ավելի թուրք է` Ցեղասպանության ժխտման առումով, և հայերի դեմ աշխատանքները կամ պայքարը ապացուցվեց նաև ԵԽԽՎ-ում»:

Դեմիրճյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ապրիլքսանչորսյան ելույթին, հատկապես` այն հատվածին, որում նա հայտարարում է ի լուր աշխարհի, որ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու, հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու:

«Թալիշում տեղի ունեցած դեպքերը, երեք ծերունիների նկարները մենք տեսանք` խոշտանգված, և արդեն կարելի է պատկերացնել, եթե այնտեղ լինեին ավելի երիտասարդ մարդիկ, ինչպես պետք է վարվեին նրանց հետ: Եթե նրանք այդ տարիքի մարդկանց են խոշտանգել, ապա արդեն պատկերացրեք, թե ինչպես կարող են վարվել մեր` գերի ընկած և, առհասարակ, զինվորների հետ: Այսինքն` որևէ կասկած չկա, որ այս մարդիկ արյունարբու ճամփա էին ելել, և նման բաներ չպետք է թույլատրել: Ադրբեջանին մեր այս տիպի դիմադրողականությունն ավելի կատաղեցրեց»,- ասաց Դեմիրճյանը:

Հարցին, թե այս դեպքերին միջազգային հանրության արձագանքն արդյո՞ք պատշաճ էր, նա պատասխանեց. «Պատշաճ արձագանք չեղավ, ոչ: Մենք սպասում էինք, որ միջազգային հանրությունը, հատկապես` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն անմիջական պատասխանատվություն ուներ, պատշաճ ձևով կարձագանքի դեպքերին, չեղավ: Կրկին հավասարակշռությունը պահեց, հավասարության նշան դրեց: Ամենը պետք էր ճիշտ ձևով ասել, բայց այս անգամ պետք է տեսնենք, որ Եվրախորհրդարանի նիստում ավելի հայկական կամ ավելի հայամետ դիրքորոշումներ, դիրքավորումներ տեղի ունեցան, քան ադրբեջանամետ: Եթե հայ իշխանությունը, մարդը, զինվորը միացյալ ձևով չդիմադրեն, ամեն ինչ կկորչի: Մենք ամեն գնով Սփյուռք-Արցախ-Հայաստան համախմբումը պետք է պահենք: Համախմբվածությունը պահպանելը շատ կարևոր է»:

Էրդողանի`Պոլսո պատրիարք Արամ Աթեշյանին ուղղված` ապրիլքսանչորսյան ուղերձի մասին խոսելով` Դեմիրճյանը նշեց. «Պետք է ընդունել, որ մի փոքր առաջադիմություն կա. հիմա ասում են, որ Անատոլիայում հայեր են եղել, այսինքն` կատակերգություն կամ մտքի զարգացում կա, բայց, ամեն պարագայում, երրորդ անգամ է, որ այսպիսի պատգամ է մեջտեղ գալիս: Առաջին անգամ Էրդողանը, երբ վարչապետ էր, հետո` Դավութօղլուն,  և այս տարի կրկին Էրդողանն է, որ ուղերձ է հղում Պոլսո պատրիարք Արամ Աթեշյանին: Այս անգամ էլ զոհին ու դահճին են հավասարեցնում: Սա ժխտողականության նոր ձև է, ինչ-որ թղթով փաթաթված նոր փաթեթ, որին մենք ո'չ հավատում ենք, ո'չ էլ խաբվում ենք: Դեռևս երեկ և այսօր Էրդողանն աջ ու ձախ հայհոյում էր և ասում, որ Ցեղասպանություն չկա»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ելույթին և այն «համարձակ ու խիզախ» անվանեց:

Դեմիրճյանը խոսեց նաև ԱՄՆ նախագահ Օբամայի ելույթի մասին: «Օբաման դարձյալ խուսափեց «ցեղասպանություն» տերմինից: Այստեղ էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև դրվում է հավասարակշռության նշան, բայց գիտենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի այս խոսքերից էլ դժգոհ էր, քանի որ «Մեծ եղեռն» բառն է օգտագործել: Պետք է ընդունենք նաև, որ Օբաման անձնապես ընդունել է Ցեղասպանությունը և գիտի, որ  Ցեղասպանությունը տեղի է ունեցել: «Մեծ եղեռն» արտահայտությունն ինչ-որ առումով կարելի է մխիթարանք համարել, բայց դա այլևս չպետք է մխիթարանք լինի, ո՞ւմ է պետք է Օբամայից կամ որևէ մեկից կախյալ լինելը: Մեր նպատակը պետք է լինի առաջ նայելը, և դա նշանակում է բարձրացնել Հայոց ցեղասպանության խնդիրները»:

Անդրադառնալով Արցախում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը` Դեմիրճյանը նշեց. «Հավանաբար, այո, կվերսկսվեն գործողությունները, որովհետև պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի վերջացել: Զինադադարը չի նշանակում, որ պատերազմի ավարտ է: Նրանք կարող են վերանայել մոտեցումները, որպեսզի սկզբնական թիրախին հասնեն: ՀՀ ՊՆ-ն էլ ասում է, որ նրանց թիրախն էր Մարտակերտը և այլն: Ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունները կվերսկսվեն, բայց թե ե՞րբ, դժվար է ասել: Պետք է շատ զգոն լինել»: