կարևոր
3496 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 11:13
Քաղաքական

ՀՅԴ-ն հավատում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ուժին և շարունակելու է նպաստել դիմադրության ու պայքարի գործին․ ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

ՀՅԴ-ն հավատում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ուժին և շարունակելու է նպաստել դիմադրության ու պայքարի գործին․ ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում վերջին զարգացումները, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, հակառակ ներկայացված բացատրություն-հիմնավորումների, բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս։ Հանրային տրամադրությունների անտեսմամբ և առանց դերակատար քաղաքական ուժերի կոնսենսուսի նման որոշման կայացումը, անկախ դրդապատճառներից, ինքնին անընդունելի է։

Խնդիրն այն է, թե Արցախի դիմադրողականության առումով որքանով է կայացված որոշումը ճիշտ։ Ի սկզբանե հայտնի էր, որ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը, թե Ադրբեջանում, թե Հայաստանի ու Արցախի որոշակի շրջանակների մոտ լուրջ հակազդեցության էր արժանանալու։ Այդպես էլ եղավ, երբ ալիևյան բռնապետությունն ու ՀՀ իշխանությունը միաժամանակ ճնշում բանեցրին Արցախի վրա, որպեսզի Ռուբեն Վարդանյանը հեռացվի պաշտոնից։

Այս կացությունը անընդունելի է և մեծագույն հարված՝ Արցախի Հանրապետության ներքին անհրաժեշտ կուռ միասնականությանը։

Հակառակ իրողություններին, հնարավոր էր դարձել Արցախում դրական տեղաշարժեր արձանագրել՝ հույսն ու պայքարի ոգին անաղարտ պահելով. վերջին ամիսներին արցախահայության դրսևորած տոկունությունն ու կամքը արժանացել էին համահայկական գնահատանքի։

Այդ հույսը հաղթանակների վերածելու գործում բոլորս անելիք ունենք։ Նպատակների ու դրանց հասնելու միջոցների հստակ ձևակերպման ամենօրյա հետեւողական աշխատանքը, որքան էլ դժվար, անարդյունք չի կարող մնալ։ Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության և լինելիության պայքարը պետք է շարուակվի։

ՀՅԴ-ն հավատում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ուժին և շարունակելու է իր բոլոր հնարավորություններով նպաստել դիմադրության ու պայքարի գործին։

 

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

28-ը փետրվարի, 2023 թ․