Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդ գիտաշխատողների մրցույթի մասնագիտական խորհրդի նիստը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2015 թվականի մրցույթի արդյունքները: Մրցույթը հայտարարել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մրցույթի շրջանակում դիտարկված հայտերի համառոտ վիճակագրությունը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները, որոնց գնահատման հիմնական ցուցանիշն եղել է գիտական գործունեության ակտիվությունն ու արդյունավետությունը: Մրցույթին առցանց եղանակով ներկայացվել է 131 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 31 գիտնական: Հաղթողները ընթացիկ տարում կստանան պետության կողմից սահմանված համապատասխան հավելավճարներ:
Կարևորելով գիտական մրցույթների նշանակությունը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մրցույթի հաղթողների և ներկայացված հայտերի արդյուքները պետք է դառնան վերլուծության հիմք՝ վեր հանելու համար ոլորտի խնդիրները. "Ներկայացված հայտերն ու արդյունքները մեզ համար պետք է կողմնորոշիչ նշանակություն ունենան, որպեսզի բացահայտենք, թե գիտության հատկապես որ ճյուղերում ունենք լուրջ խնդիրներ: Մեր հետագա քաղաքականությունը պետք է միտված լինի գիտության համապատասխան ոլորտների պատասխանատուներից իրավիճակի պարզաբանումներ ստանալու և վտանգված ճյուղերին հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ",- նշել է Լևոն Մկրտչյանը:
Խորհրդի նիստում աշխատանքային կարգով քննարկվել են նաև օրակարգի մյուս հարցերը, որոնք վերաբերել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2016 թվականի մրցույթին և ընթացիկ մի շարք այլ հարցերի: