Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Հրազդանի քաղաքապետի ընտրություններում քվեարկության մասնակցեցին բոլոր երեք թեկնածուներն էլ: Ինչպես հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը, քվեարկությունից հետո ՀՀԿ-ական թեկնածու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը նշեց, որ քվեարկել է հանուն կայուն և խաղաղ Հրազդանի: Նա կարծիք հայտնեց, որ թե հրազդանցին է եղել իր թիկունքում նախորդ տարիներին, թե ինքն է եղել հրազդանցիների թիկունքում կանգնած: Նա հավաստիացրեց, որ նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ է լուծել Հրազդանի համար, մասնավորապես` քաղաքաշինական ծրագրեր, աղբահանություն, ասֆալտապատում ու տանիքների վերանորոգում: Լրագրողների դիտարկմանը, որ Հրազդանի ճանապարհները վատ վիճակում են, Արամ Դանիելյանը նշեց, որ Հրազդանը բազմաթիվ փողոցներ ու նրբանցքներ ունի, և համայնքի եղած բյուջեով հնարավոր չէ այդքան ճանապարհները վերանորոգել: Նա հերքեց խոսակցություններն այն մասին, թե ինքը աշխատակիցների հետ վատ է վերաբերվում ու հայհոյում է` ասելով, որ իր աշխատակիցներից մեկի արած այդ հայտարարությունը հերյուրանք է: Ինչ վերաբերում է բողոքներին, նա նշեց, որ Սասուն Միքայելյանի կողմնակիցները առավոտից անկարգություններ են հրահրում, մասնավորապես իր նախընտրական շտաբի պետի հետ կապված միջադեպ է գրանցվել, որով իրավապահ մարմինները արդեն զբաղվում են: Ինչ վերաբերում է ավտոբուսով մի խումբ արտաշատցիների` Հրազդան գալուն, գործող քաղաքապետը նշեց, որ նրանք իր բարեկամներն են և եկել են իրեն աջակցելու: Հարցին, թե ինչ դժգոհություններ ունեն իր շտաբի ներկայացուցիչները, Արամ Դանիելյանը ասաց, որ բողոքում են շատ լրատվամիջոցների ներկայությունից, որոնք լարվածություն են առաջացնում բոլորի մոտ: Դանիելյանը չհերքեց, որ բիզնես ունի, դա գազալցակայանի բիզնեսն է, և դրանում ինքը խնդիրներ չի տեսնում: Վերջում նա վստահորեն նշեց, որ ինքն է հաղթելու: