|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բանակի սպառազինությանը: Նրա խոսքով` վերջին ամիսներին առաջնագիծը համալրվել է տեխնիկական միջոցներով, խոսքը վերաբերում է ինչպես դիտարկման, այնպես էլ գիշերային օպտիկական հնարավորությունների ստեղծման սարքերին:
Հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով` 200 միլիոն դոլարի սպառազինությունների ձեռք բերման գործընթացը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «200 մլն-ի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է, և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել, բայց այն, ինչ նախատեսված էր 200 միլիոնով, դրա մի մասն արդեն գտնվում է Հայաստանում: Մնացած պայմանագրերն ընթանում են` ըստ մեր կնքած ժամանակացույցերի, և մենք հետամուտ ենք լինելու՝ հնարավորինս արագ ստանալ այդ ամբողջ ծավալները, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ»:
Նա հավելեց, որ ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը լինելու է շարունակական, և որ Հայաստանը փնտրում է բոլոր հնարավորությունները, ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ համալրելու զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով: