Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011-ի մայիսի 9-ին պետք է գործարկվեր Ստեփանակերտի օդանավակայանը: Ավելին` 2011-ի ապրիլին՝ Շվեյցարիայի նախագահ /արդեն` նախկին/ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե Ադրբեջանը կհարվածի այն ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդնավակայանում, ասել էր. «Ես կլինեմ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը»:
Այդ օրերին բավական ակտիվ քննարկվում էր հարցը, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ունի՞ օդային հաղորդակցության իրավունք, թե՞, այնուամենայնիվ, դեռ նպատակահարմար չէ օդանավակայանի շահագործումը: Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին, նշել էր, թե այդ օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին: Սկզբում թռիչքներ պետք է իրականացվեին Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ, և տոմսը, նախնական տվյալներով, արժենալու էր 16 000-20 000 դրամ, իսկ առավելագույն գինը պետք է կազմեր 25 000 դրամ։
Օդանավակայանը վերջին անգամ քաղաքացիական չվերթ է իրականացրել 25 տարի առաջ, սակայն այս ընթացքում եղել են նաև չարտերային չվերթներ` ռազմական ուղղաթիռներով և փոքր օդանավերով:
Օդանավակայանը կարող է ընդունել մեծ ինքնաթիռներ և հաշվարկված է «Erbas A320-321» «Boeing 737» մակնիշի ինքնաթիռների համար: Օդանավակայանը գտնվում է մայրաքաղաքից մոտ 10 կմ հեռու` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին: Այն կառուցվել է 1974-ին: Օդանավակայանի վերանորոգման գործընթացը մեկնարկել էր 2008-ին:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ օդանավակայանի վերանորոգման և սպասարկման հարցում արցախյան կողմը գործել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ- ICAO) սահմանած չափանիշներով: Նրա հավաստմամբ` օդանավակայանն ամբողջությամբ կահավորված է անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով, իսկ տեխնիկան գերժամանակակից է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:
Ի դեպ, իրավական փաստաթղթերը, որոնք օդային երթևեկությունն են կարգավորում, նույնպես համապատասխանում են ՔԱՄԿ-ի չափանիշներին:
«Օդանավակայանը մեր ուղերթով կարող է ընդունել 100 ուղևոր: Օդանավակայանի անձնակազմը լիարժեք պատրաստ է աշխատանքի անցնելուն. նրանք անցել են բոլոր ուսումնական պրոցեսները, ուսումնական պրակտիկայի մասնակցել, ավելին` մինչ օրս էլ ուսումնական դասընթացներ ենք կազմակերպում նրանց համար: Մենք յուրաքանչյուր րոպե պետք է պատրաստ լինենք թռիչքի: Վստահ ենք, որ գալու է այդ օրը»,- ասում է Գաբրիելյանը:
Թե ինչո՞ւ ուղևորափոխադրող ընկերությունները չեն հանդգնում պայմանագիր կնքել նաև Ստեփանակերտի օդանավակայանի հետ, Գաբրիելյանի կարծիքով` քաղաքական հարցերից են խուսափում, և օդանավակայանը չի կարող ստիպել այս կամ այն ուղևորափոխադրող ընկերությանը չվերթեր կատարել: Ի դեպ, օդանավակայանը 60 աշխատակից ունի: «Միգուցե կասեք` մեծ թիվ է 60-ը, բայց աշխատակիցներից շատերն ինժեներական-տեխնիկական աշխատողներն են, որոնք սպասարկում են բոլոր նավիգացիոն համակարգերը: Ամեն ինչ իր ընթացակարգն ունի, ամեն տարի աուդիտ է անգամ անցկացվում»,- ասաց նա:
Գաբրիելյանը նշում է, որ իրենք ոչ միայն օդանավակայանը վերանորոգելիս հույս ունեին, որ այն շահագործվելու է, այլ նաև` հիմա: «Օրը կգա, բարին` հետը»,- ասում է նա:
Օդանավակայանի տնօրեն Էրիկ Օհանյանն էլ տեղեկացրեց, որ, ճիշտ է, օդանավ չունեն, քանի որ իրենք ուղևորափոխադրող ընկերություն չեն, սակայն ունեն թեթև ավիացիա` 2 հատ երկտեղանոց օդանավ: Օդանավերը, ըստ տնօրենի, տարբեր նպատակներով պարբերաբար օգտագործվում են` տուրիստների համար շրջայցեր են կազմակերպվում Արցախի տարածքում, ուսումնական ծրագրերի համար օգտագործվում:
«Փոքր օդանավերից հաճախ են օգտվում` տեսահոլովակների, ֆիլմերի նկարահանման համար են դրանք օգտագործում ու թռիչքներ կատարում: Մենք պատրաստ ենք այսօր էլ աշխատել, և դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, որ դեռ չի շահագործվում օդանավակայանը, մենք տեխնիկական մասն ենք ապահովում»,- ասում է Օհանյանը:
ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետ, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանն էլ նշեց, որ այս պահին թռիչքներ կազմակերպելու համար բոլոր տեխնիկական հնարավորությունները կան, տեխնիկականի հետ կապված` ոչ մի խնդիր չունենք, թռիչքները չեն կատարվում միայն քաղաքական պատճառներով:
«Թռիչքի վազքուղու երկարությունը 2270 մետր է, լայնությունը՝ 45 մետր: Սովետական շրջանում 8-10 չվերթ է իրականացվել, բայց հետո թռիչքները օրական հասան 20-25-ի: Տեսեք` Երևանից Ստեփանակերտ ավտոմեքենայով 8 ժամ է, իսկ օդանավով 30-40 րոպե է տևելու: Մարդիկ կան, որ ընդհանրապես ի վիճակի չեն ավտոմեքենայով գնալ, ուստի օդանավակայանի չշահագործումից շատ կտուժենք»,- ասում է Աթբաշյանը:
Նա հավաստիացնում է` Երևան-Ստեփանակերտ-Երևան թռիչքուղին ոչ մի կերպ չի մի մոտենում Ադրբեջանի օդային տարածքին. Երևանից օդանավը ուղղություն է վերցնելու դեպի Սյունիք և Սիսիանից թեքվելու է Ստեփանակերտի օդանավակայան: Աթբաշյանը նշեց, որ ժամանակին մշակել է թռիչք-վայրէջքի ձևերը և այնպես կազմակերպել, որ մենք նրանց տարածք չմտնենք: «Այստեղ մի բայց կա. կան որոշ քարտեզներ /օդային քաղավիացիայի/, որոնցում այդ տարածքները համարվում են փակ տարածքներ, որոնք ենթարկվում են Ադրբեջանին, այսինքն` եթե թռիչքներ կատարենք, միջազգային ավիացիոն օրենքները կխախտենք, բայց թե որքանո՞վ պետք է ղեկավարվենք այդ օրենքներով, դա քաղաքականության հարց է»,- ասում է Աթբաշյանը և հավելում, որ ինքն, այնուամենայնիվ, լավատես է և հույս ունի, որ մի օր անպայման թռիչքները կկայանան:
Ի դեպ, նշենք նաև, որ այս օրերին հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած և Ստեփանակերտից Երևան տեղափոխված բոլոր վիրավորները, թեև ոչ օդանավերով, բայց օդային ճանապարհով են բերվել հոսպիտալ: Հուսանք` Ստեփանակերտի օդանավակայանի աշխատակիցների պարապուրդը երկար չի տևի:
Կարինե Հարությունյան