կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 14:10
Առանց Կատեգորիա

Մեր կռիվը հանուն սեփական տարածքում ապրելու` մարդու իրավունքի է

Մեր կռիվը հանուն սեփական տարածքում ապրելու` մարդու իրավունքի է

Ես հավատում եմ Սեյրան Օհանյանի անկեղծությանը: Նա հայտարարել է, թե ինքը մինչեւ գետին խոնարհվում է հայ ժողովրդի առջեւ:

Ես հավատում եմ, որ այն բոլոր կամավորները, ովքեր այս օրերին ճակատ են գնացել կամ արդեն վերադարձել են, կամ` ճանապարհին են, կամ` շուտով վերադառնալու են, ճակատ են գնացել ոչ թե պարտադրանքով, կամ որովհետեւ Ղարաբաղ գնալը նորաձեւ է, այլ, քանի որ չէին կարող այնտեղ չգնալ:

Ես հավատում եմ, որ վերադառնալուց հետո առաջինը, ինչ նրանք անելու են, տանը զենք չպահելն է լինելու, քանի որ մենք միասնական ենք միայն արտաքին պատերազմական վտանգների պարագայում, ոչ խաղաղ ժամանակներում եւ զենք պետք է ունենանք միայն արտաքին պատերազմական վտանգի ժամանակ, միայն այդ ժամանակ:

Հավատում եմ նաեւ, որ բոլորիս մեջ, անկախ նրանից` գեներալ ենք, թե` շարքային, քաղակտիվիստ ենք, թե` ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ, մեկ ցանկություն կա՝ հաղթել:

Բայց ես չեմ հավատում այն մարդկանց, ովքեր այս օրերին հայտարարում են, թե կարեւորը Բաքուն գրավելն է: Իսկ չեմ հավատում, քանի որ մի անգամ եղել եմ Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում, որը նստարանների կարիք ունի… Ես չեմ հավատում, որ մեզ համար գլխավոր նպատակը ամեն գնով առաջ գնալն է, ու այստեղ կարեւորը «ամեն գնով» բառերն են: Չեմ հավատում, որ մեզ համար կարեւորը ոչ թե այն է, որ զոհ չտանք, այլ այն, որ Բաքուն զոհ տա, Բաքուն ավերվի, նավթահորերը պայթեն, գմփան: Այս ամենի համար 80-ականների զենքը բավարար չէ, այդ զենքերով մեր առաջ գնալն ամեն գնով է լինելու, ու ես չեմ հավատում, որ մենք ուզում ենք ամեն գնով առաջ գնալ:

Մեր նպատակը առաջ չթողնելն է, առաջ չթողնելը մեր հաղթանակն է, մենք առաջ չենք թողել: Մեր առավելությունը հայրենիք պահելն է, ոչ թե ուրիշի հողը գրավելը կամ դրան հավակնելը: Բաքուն մեր հայրենիքը չէ, անգամ Բաքվի հայերի հայրենիքը չէ, ծննդավայրը հայրենիք չէ, Ֆրեզնոն, Ամերիկան Սարոյանի հայրենիքը չէ: Հենց մենք հայրենիք պահողից վերածվենք ուրիշի հող գրավողի, կդադարենք հաղթելուց: Մենք Տիգրան Մեծի սերունդն ենք, բայց հիմա Տիգրան Մեծի ժամանակները չեն, մենք էլ Ռուսաստան չենք, ոչ էլ Ամերիկա: Մեր կռիվը հանուն ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման է, իսկ ազգերը եւ այդ ազգերը կազմող մարդը միշտ ավելի կարեւոր է, քան տարածքը: Մեր կռիվը հանուն տարածքի չէ, մեր կռիվը հանուն սեփական տարածքում ապրելու` մարդու իրավունքն է: Ապրելու, ոչ թե` մեռնելու: Մեռնելն իրավունք չէ:

Սա է մեր նպատակը, ես կարծում եմ, ճիշտ այնպես, ինչպես կարծում եմ, որ մենք հասել ենք մեր նպատակին: Իսկ պատերազմում նպատակին հասնելը հաղթանակ է: Այ, պատերազմը պարտություն է դրա բոլոր կողմերի համար: Պատերազմ են գնում պարտվողները, դրանից վերադառնում են հաղթողները, բոլոր պատերազմները, բոլոր պատերազմներից: Քանի որ աշխարհում միայն մեկ պատերազմ կա՝ կյանքի եւ մահվան պատերազմը, որտեղ պարտվել չի կարելի: Մնացածը կռիվներ են տարածքի համար: Իսկ մեր կռիվը տարածքի համար չէ, իմ կարծիքով, իմ անկեղծ կարծիքով, մերը կռիվ էլ չէ, մերը հենց պատերազմ է, որից վերադառնալ է պետք՝ փակելով երկու դուռ, մեկը՝ հայրենիքի դուռը թշնամու դիմաց, մյուսը՝ պատերազմի դուռը, բայց ամուր փակել, որովհետեւ այս երկու դռան բանալին էլ թշնամին ունի: Պարզվեց` ունի: Իսկ թշնամին տեռորիստ է /ես ահաբեկիչ բառն էլ գիտեմ/, իսկ տեռորիստների հետ չեն բանակցում: Բանակցում են տեռորիստների դեմ` տեռորիզմը հաղթելու նպատակով: Բանակցում են՝ պատերազմի դռան բանալին ձեռքին ամուր պահած, որ չկորցնեն, բանակցում են` ոչ թե հայտարարելով, թե մենք բարեկամ չունենք, այլ` որպեսզի բարեկամներ ունենանք: Բանակցում են օր ու գիշեր՝ Աֆրիկայում եւ Ամերիկայում, Ռուսաստանում եւ Ավստրալիայում, Չինաստանում եւ Բրազիլիայում, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, չինարեն եւ արաբերեն /ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են/… Ու ես չեմ հավատում, որ մենք բանակցում ենք, քանի որ ես հավատում եմ, որ մենք մենակ ենք, բարեկամ չունենք, սա այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը, այդ թվում` Թուրքիան, պայքարում է տեռորիզմի դեմ:

Հովիկ Աֆյան