Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ողջ տարվա բերքից զրկված գյուղացիներին աջակցելու համար Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Աջակցություն արմավիրիցիներին» նախաձեռնությունը:
Խմբի ղեկավար Նարե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք մտադիր են շաբաթ օրն այցելել Արմավիր գյուղ և հողագործական աշխատանքներով օգնել գյուղացիներին: «Ինչ ասեն` կանենք, գոնե այդպիսով օգնենք գյուղացիներին, կիսենք նրանց կորուստը»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա` Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմարյանի խոսքով` ոչնչացվել է տարվա ամբողջ բերքը, իսկ գյուղացիների մոտ 80 տոկոսը 2 մլն դրամից ավելի վարկեր են վերցրել բանկերից և այլևս դրանք փակելու միջոցներ չունեն:
Անդրադառնալով գյուղնախարարության կողմից առաջարկվող սերմին` Ասմարյանը նշեց, որ իրենց չեն ասել` կոնկրետ ինչ սերմ են տալու, բացի այդ` այն որևէ օգուտ չի կարող տալ, քանի որ հողը մշակելու և նոր սերմեր ցանելու համար շատ ուշ է: Ավելին` դրա համար անհրաժեշտ գումար է հարկավոր, որն այսօր գյուղացին չունի:
«Եթե գարնան արևը չտաքացրեց, աշնան արևը չի տաքացնի»,- հայտարարեց ասուլիսին մասնակից մեկ այլ արմավիրցի` Ասատուր Հայրապետյանը:
Ստեղծված իրավիճակի լուծումը, ըստ գյուղացիների, կա'մ ֆինանսական աջակցությունն է, կա'մ իրենց վերցրած վարկերը մեկ կամ երկու տարով սառեցնելը: Վերջին առաջարկի կապակցությամբ գյուղնախարարի տեղակալն արդեն դիրքորոշում հայտնել է` ասելով, որ այդ բանկերը սեփական են, և պետությունը ոչինչ անել չի կարող:
Հայրապետյանի կարծիքով` եթե գյուղացիներին որևէ լուրջ աջակցություն չցուցաբերվի, նրանք ստիպված կդիմեն արտագաղթի: «Արմավիրի մարզում 43 համայնք է տուժել, սակայն մինչ այժմ որևէ հուսադրող առաջարկ չենք ստացել: Մեզ բարեկեցություն պետք չէ, սնունդ է պետք, որպեսզի ապրենք և այս պետությանը զինվոր տանք»,- նշեն նա: