կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 17:02
Իրավական

Բնակարանը չստանալու դեպքում խոստանում է ինքնասպան լինել

Բնակարանը չստանալու դեպքում խոստանում է ինքնասպան լինել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար մեղադրվող Գագիկ Պապոյանի  գործով  քննությունը:

 

Դատարանը հայցադիմում էր ստացել տուժող Տիգրան Ասատրյանից` ամբաստանյալ Պապոյանից հօգուտ իրեն 156 մլն դրամ բռնագանձելու պահանջով:

 

Ինչպեսև որոշվել էր նախորդ նիստին, Պապոյանի դեմ մեղադրական եզրակացությամբ հանդես եկող 254 տուժողները խմբերի էին բաժանվել: Այս նիստին հարցաքննվեց գործով 10 տուժող:

 

Տուժող` մասնագիտությամբ թարգմանիչ Արթուր Առուստամովը, ով Արամի 72/80 հասցեում իր և քրոջ համար բնակարան է գնել և հայտնի պատճառներով չի ստացել, դատարանին հայտնեց, որ տեղյակ չի եղել, որ իր գնած բնակարանը այլ անձանց էլ է վաճառվել: Նույն շենքում մեկ այլ բնակարան գնած նրա եղբայրը` տուժող Կարեն Առուստամովը,  հայտնեց, որ իր գնած բնակարանի  վաճառքի մասին տեղեկացել է «Գինդ» շաբաթաթերթից, ոչ թե հարազատներից, ինչը դատավարական կողմերի համար անհասկանալի էր:

 

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում,  որ նույն շենքում գտնվող  բնակարանները եղբայրները տարբեր մարդկանց միջոցով են ձեռք բերել, տուժողն անորոշ պատասխաններ տվեց:

 

Փոխարենը Արթուր Առուստամովը լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտնեց, որ «Գաբշինի» իրավաբանը եղբոր առջև պայման է դրել, որ առանց միջնորդի (բրոքերի) չի կարող բնակարանի առքուվաճառքի պայմանագիր կնքել:

 

Սակայն նիստի ընթացքում հարցաքննված մյուս տուժողները բացառեցին ընկերության կողմից իրենց առջև նման պայման դնելու հնարավորությունը:

 

Դատաքննության  ընթացքում «արտահերթ  կարգով» ցուցմունք տվեց 140 համարի տուժողը` «Գապբնակշինի» նախկին շինարարը: Տուժողի շտապ հարցաքննությունը  պայմանավորված էր վերջինիս' վատառողջ լինելու հանգամանքով: «Ես Գեորգիչի (նկատի ունի Պապոյանին) ենթական եմ եղել, 30 մլն դրամ տվել եմ նրան, որպեսզի մեծ բնակարան ստանամ, սակայն փոխարենը ինսուլտ ստացա և 3 ամիս կոմայի մեջ ընկա»,- պատմեց շինարարը և  սրտնեղած հայտարարեց, որ իր 8 հոգանոց ընտանիքն այժմ անտուն է մնացել: Իսկ թե ինչո՞ւ Գեորգիչն իր հետ պետք է այդպես վարվեր, տուժողը  չկարողացավ  բացատրել:

 

Տպավորիչ էր նույն շենքում 3 բնակարան փոխած, սակայն մյուսների նման բնակարան չստացած` տուժող Մարգարիտա Մաթևոսյանի ցուցմունքը: Նա դատարանին հայտնեց, որ Մոսկովյան փողոցում գտնվող իր  բնակարանը վաճառել է, գնացել արտերկիր, որտեղից, չկարողանալով հարմարվել, հետ է վերադարձել և որոշել նորակառույց շենքում բնակարան գնել: 150 հազար դոլարով համաձայնության է եկել Պապոյանի հետ և Արամի 72/80 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 7-րդ հարկում բնակարան գնել: Ըստ տուժողի` բնակարանն իրեն հետո դուր չի եկել, և Պապոյանը մեկ այլ բնակարան է առաջարկել` այս անգամ 9-րդ հարկում: Բնակարանը հանձնելու պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կինն անընդհատ դիմել է Պապոյանին, ով խոստացել է, որ շուտով բնակարանը կհանձնի նրան, սակայն պարզվել է, որ ուշացումն այլ բանով էր պայմանավորված:

 

«Տաքսիով աղջկաս հետ անցնում էինք, նայեցինք մեր շենքին, տեսանք 9-րդ հարկի մեր բնակարանում մարդիկ կան, ովքեր վերանորոգում էին անում: Մտածեցի, թե բնակարանի հանձնումն ուշացնելու մեղքը քավելու համար Պապոյանը որոշել է ինձ անակնկալ մատուցել և բնակարանս վերանորոգել, սակայն, երբ նրան հարցրեցի,  ասաց, որ նման բան չկա: Բայց դե, աղջիկս գնացել, տեսել էր, որ մեր բնակարանում արդեն կահույքն են բերել, դրել»,- պատմեց տուժողը: Ըստ նրա` Պապոյանն այս անգամ էլ իրեն բնակարան է տվել  13-րդ հարկում, ավելին` հետն էլ ավտոտնակ նվիրել: «Ես չեմ ուզում, որ ինքը դատվի, մենակ ինքը կարա ազնիվ ձևով մեր բնակարանը մեզ տա»,- լացակումած հայտարարեց տիկին Մարգարիտան:

 

Դատախազի հարցին, թե 3 տարի սպասեցնելուց, 3 բնակարան տեղափոխելուց, իր բնակարանը ուրիշներին տալուց հետո  ինչպե՞ս է ինքը վստահում նրան, կինը պատասխանեց հարցով. «Պապոյա՞նն է ուրիշներին տվել, թե նրան ստիպել են տալ»:

 

Դատախազը տուժողին խնդրեց, որ եթե ինքը գիտի, որ ինչ-որ մեկն է Պապոյանին ստիպել բնակարաններն ուրիշներին հանձնել, թող անուններ տա, սակայն տուժողն հրաժարվեց. «Անուններ չգիտեմ, որ իմանամ էլ, չեմ ասի, որ իմ գլուխը չդնեմ ցավի տակ: Եթե իմ բնակարանը չստանամ, ինքնասպանություն կգործեմ»:


Դատավարության ընթացքում Պապոյանը  որևէ տուժողի հարց չտվեց և ընդհանրապես խուսափում  էր որևէ մեկին նայել, փոխարենը թղթի վրա ինչ-որ գրառումներ էր անում: Այդ առիթով դահլիճում ներկա տուժողներից մեկն անգամ ակնարկեց. «Պապոյանը երևի նոր շենքի նախագիծ ա կազմում»:

 

Տուժողների հերթական տասնյակը կհարցաքննվի հաջորդ դատական նիստին:  


Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ