կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 12:55
Քաղաքական

Չնայած տարբեր ինտեգրացիոն վեկտորներին` Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. Միխեիլ Ջանելիձե

Չնայած տարբեր ինտեգրացիոն վեկտորներին` Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. Միխեիլ Ջանելիձե

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այսօր երկու երկրների նախարարները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան հայտարարություններով:

Հայաստանի ԱԳ նախարարը նախ նշեց, որ Վրաստանի ԱԳ նոր նախարարը արտերկրյա առաջին բարձր պաշտոնյան է, ով հյուրընկալվել է ՀՀ ԱԳ նախարարության նոր շենքում: Ապա` նշեց, որ Հայաստանի ու Վրաստանի միջև ավանդաբար ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություներ, լավ հնարավորություններ՝ այդ գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար:

Այսօր ավարտվել են վրացի գործընկերոջ հետ բանակցությունները, իսկ օրակարգը բավական հագեցած ու բովանդակալից է եղել. Հայաստանի ու Վրաստանի միջև կնքվել են ութ տասնյակից ավելի համաձայնագրեր, և առկա` իրավաբանորեն հարուստ դաշտը շատ լավ հիմք է երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

«Ասել, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է քիչ բան ասել: Այն ամենը, ինչ բնորոշում է մեր ժողովուրդների, սերտորեն շաղկապում է մեզ, և դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ: Մեր երկրների միջև բարեկամությունը փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ժամանակով ստուգված բարեկամություն է»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները շարունակում են ընդլայնվել` ունենալով այնպիսի կապող օղակ, ինչպիսին վիրահայությունն է:

Նա շեշտեց, որ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններում անհաղթահարելի խոչընդոտներ չկան, այնպիսի խնդիրներ չկան, որոնք հնարավոր չէ լուծել երկկողմ ջանքերի գործադրմամբ:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այդ հարցը նույնպես քննարկվել է իր վրացի գործընկերոջ հետ: Ըստ նրա` Վրաստանի աջակցությունը կարևորվում է ԼՂ կարգավորման միջնորդության մանդատ ունեցող ՄԽ ջանքերի համատեքստում՝ խնդիրը բացառապես խաղաղ կարգավորելու հարցում:

Վրաստանի ԱԳ նոր նախարարը նշեց, որ իր համար էլ հաճելի է այն փաստը, որ ինքն առաջին բարձրաստիճան հյուրն է ՀՀ ԱԳ նոր շենքում: Նա նշեց, որ թեև էլի է եղել Երևանում, սակայն ԱԳ նախարարի կարգավիճակում սա իր առաջին այցն է: Ջանելիձեն նշեց, որ Երևանը օր օրի գեղեցկանում է: Նրա խոսքով՝ հայերն ու վրացիները երկու բարեկամ ժողովուրդներ են, ունեն ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերություններ, և որ պետք է անել ամեն ինչ` այդ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու համար: Ջանելիձեն շեշտեց, որ թեև Հայաստանն ու Վրաստանն ունեն ինտեգրացիոն տարբեր վեկտորներ, սակայն երկու երկրների միջև հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, ինչը ողջունելի է:

«Մեր երկու նախարարությունների միջև պետք է ակտիվացնել փոխադարձ շփումները: Պատրաստ եմ էլի հյուրընկալվել Նալբանդյանին` նրա համար հարմար պահի: կարևորում եմ մեր երկրների միջև բիզնես վեկտորի զարգացումը և տնտեսական համագործակցությունը: Մեր երկրներն ունեն հաստատուն ձգտում` համագործակցել շատ հարցերի շուրջ: Համոզված եմ, որ մեր գործընկերությունը կշարունակվի ու շոշափելի արդյունք կբերի` ի բարօրություն մեր երկու երկրների»,- ասաց Միխեիլ Ջանելիձեն:

Նշենք, որ այսօր Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: