կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 20:44
Քաղաքական

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Օմիրուին`Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է հյուրընկալվել եղբայրական Կիպրոսում, որի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններն իրենց որակով ոչնչով չեն զիջում երկու երկրների անցյալի բարեկամական կապերին: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ապագայում հայ-կիպրական հարաբերությունները կառուցողները ևս մեծ նվիրվածությամբ են վերաբերելու իրենց գործին` մշտապես հիշելով առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու և ամրապնդելու պատասխանատվության մասին:

ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները: Նրանք համակարծիք են եղել, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված ջերմ կապերը նոր արժեք ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո, և միջպետական հարաբերությունները զարգացան փոխըմբռնման ու բարեկամության ոգով: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ ամենում բարձր գնահատանքի արժանի է համարել պարոն Իանակիս Օմիրուի անձնական մեծ ավանդը և հիշել նրա նախաձեռնությամբ Կիպրոսում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև Կիպրոսի Նախագահի հետ միասին նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երևանյան միջոցառումներին։

ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել են խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների սերտ փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը և Իանակիս Օմիրուն մտքեր են փոխանակել Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ և փոխադարձաբար վստահեցրել, որ Հայաստանը և Կիպրոսը ամուր կանգնած են կողք կողքի` այդ հարցերի լուծման ճանապարհին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ  է ունեցել նաև Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: