կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-10 21:04
Քաղաքական

Ինչ են խոսել Սարգսյանն ու Պուտինը. մանրամասնում է նախագահականը

Ինչ են խոսել Սարգսյանն ու Պուտինը. մանրամասնում է նախագահականը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

 «Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և հարյուր տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Սա ընդհանրապես շատ լավ ավանդույթ է՝ հանդիպել տարեսկզբին՝ անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա ուղեցույցները սահմանելու համար: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմատեխնիկական, և՛ հումանիտար ոլորտներում մենք լիակատար փոխըմբռնում ունենք, ու այդ հարաբերությունները շատ լավ են զարգանում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել մեր նախկին հանդիպումների ընթացքում: Լինելով ՀԱՊԿ-ում նախագահող, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում: Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ: Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին:

Այսօր, Վլադիմիր Վլադիմիրի, մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, և քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավորը, մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին:

Այսօր նաև բացվում է քաղաքակրթական մեծ ցուցահանդես Ռուսաստանի պատմության թանգարանում, և ես վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը Ռուսաստանի քաղաքացիներին դուր կգա և իր ներդրումը կունենա մեր ժողովուրդների բարեկամություն ամրապնդման գործում:

Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ավելի ուշ ներկա կգտնվի Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը:

ՌԴ մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Երկու շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին: