կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-10 14:22
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը մթնոլորտ է փոխել կառավարությունում. նախագծի ընդունումից առաջ հարցեր են հնչում

Արծվիկ Մինասյանը մթնոլորտ է փոխել կառավարությունում. նախագծի ընդունումից առաջ հարցեր են հնչում

Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքում­յանի՝ օրենս­դրական նա­խաձեռնության կար­գով ներկա­յաց­ված` «Եկամ­տա­յին հարկի մասին» օրենքում լրա­ցում կատարելու մասին» հարցի վերաբերյալ կառավարության եզրակացությունը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով»:

«Հայտնում ենք, որ նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Միաժամանակ, հայտնի է, որ ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ, դրա արդյունքում` առաջադեմ տեխնոլոգիաների ներդման միջոցով արտահանման ծավալների աճ ապահովելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով: Ահա, թե ինչու անհատ ձեռնարկատերերին ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնելու լրացուցիչ խթանների տրամադրումը չի հանգեցնի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Միևնույն ժամանակ, եկամտային հարկի վճարումից օրենքի ուժով ազատելը խախտում է նրանց ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներից օգտվելու իրավունքը: Առաջարկում ենք նախագիծը համարել անընդունելի»,- ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Հարցեր կա՞ն»: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն արձագանքեց` ասելով, որ էկոնոմիկայի նախարարությունն այդ նախագծի վերաբերյալ ունեցել է տրամագծորեն հակառակ տեսակետ:

«Նախ` սա նոր արտոնություն չէ, դեռևս 1997թ. դեկտեմբերի 27-ի «Եկամտահարկի մասին» օրենքով  սա նախատեսված է եղել, սակայն երբ եկամտային հարկի միավորում տեղի ուենցավ, այս հարկատեսակը տեխնիկական պատճառներով դուրս մնաց: Երկրորդ փաստարկն այն է, որ ազատ տնտեսական գոտու շրջանակներում, երբ կազմակերպությանը տրամադրվում է շահութահարկի մասով արտոնություն, անհատ ձեռնարկատերը, որի հիմնական եկամուտն այդ գործունեությունից է ստացվում, սա նույնպես նույն ռեժիմով պետք է գործեր: Սա հավասարության ապահովման տեսանկյունից ենք հիմնավորում: Առ այս պահը մենք չունենք ազատ տնտեսական գոտու որևէ անհատ ձեռնարկատեր շահագործող: Այսինքն`  ըստ էության, մենք ապահովում էինք արդար ու հավասար պայմաններ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ մինչ այս կառավարության նիստում սովորաբար որոշումների ընդունումից առաջ առարկություններ չէին հնչում:

Արձագանքեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ սա բյուջեի վրա ազդեցություն չի ունենա, որովհետև չունենք ազատ տնտեսական գոտում անհատ ձեռնարկատեր:

«Բայց մենք պետք է հասկանանք, թե մենք ազատ տնտեսական գոտու ինչ տեսլական ունենք: Արդյո՞ք մենք պատկերացնում ենք ազատ տնտեսական գոտին, որպես մի գոտի, որտեղ անհատ ձեռնարկատերեր են գործում, թե՞ պատկերացնում ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած խոշոր ընկերությունների ներկայություն: Կարծում եմ` մենք դրա համար չէինք ստեղծում ազատ տնտեսական գոտի, որ այնտեղ բերենք անհատ ձեռնարկատերեր: Մենք պետք է խթանենք խոշորներին, իսկ սա խթանիչ գործիք է: Ես ուրախ եմ, որ այսօր որևէ անհատ ձեռնարկատեր չկա ազատ տնտեսական գոտում, որովհետև մենք ուղղակի կվարկաբեկեինք այդ գաղափարը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: