Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր 2014թ. բյուջեի կատարողականը, որը ներկայացնում էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան` կարծիք հայտնելով, որ մարդու իրավունքների ազգային մեխանիզմը երկրում դեռևս կայացած չէ, թեև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը գնալով աճում է:
«Հաճախ փորձ է արվում միայն Ձեր անձի մեջ տեսնել մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների իրացումը: Կուզենայի, որ անդրադառնայիք սահմանադրական կարգավորումներին, որքանո՞վ են ներկա սահմանադրական կարգավորումները նպաստում մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ոչ միայն հռչակմանը, այլ նաև դրա իրացման լիարժեք մեխանիզմների ապահովմանը: Թե՞ կան հակասություններ ու թերի կարգավորումներ»,- հարցրեց պատգամավորը:
Նրա հաջորդ հարցը հետևյալն էր` որքանո՞վ է ՄԻՊ ինստիտուտը, Սահմանադրության ներկա կարգավորումներով, բավարարում մեր երկրին, սահմանադրական նոր երաշխավորումների կարիք չկա՞:
Կարեն Անդրեասյանը նախ պատասխանեց, որ հարցը, իրավաքաղաքական առումով, բարդ է, և ինքն առաջին անգամ է անդրադառնում նման հարցի: Նա կարծիք հայտնեց, որ ներկա սահմանադրական կարգավորումներով հնարավոր է հասնել մարդու իրավունքների լիարժեք իրացմանը, ինչի համար անհրաժեշտ է տարբեր ինստիտուտների կազմի ու գործողությունների փոփոխություն, միաժամանակ նշեց, որ կան թերություններ ներկայիս Սահմանադրության մեջ
«Ո՞րն է առավել արդյունավետ `գերճիգեր գործադրել և հասնել մեր երազած` մարդու իրավունքների պաշտպանությանը ներկայիս Սահմանադրությամբ, թե՞ գերճիգեր գործադրել` փոխելու Սահմանադրությունը և հասնելու այդ նույն` մարդու իրավունքների պաշտպանությանը: Դա արդեն քաղաքական բանավեճի մաս է, որից ես ինձ դուրս եմ պահում՝ պահպանելով ՄԻՊ ինստիտուտի չեզոքության ու օբյեկտիվության կողմը: Միաժամանակ, չեմ զլանա օգտվել ներկայիս զարգացումներից ու փոփոխություններից: Ինքս կուզենայի դրական ներդրում ունենալ այդ փոփոխությունների մեջ»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ սա այն դեպքը չէ, երբ ՄԻՊ-ը պետք է չեզոքություն պահպանի, քանի որ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է: Պատգամավորի խոսքով՝ ՄԻՊ-ի ասած ջանքերի, կամքի մասին դատողություններն արդեն իսկ նշանակում են, որ կա խախտում, որ կա Սահմանադրության փոփոխման անհրաժեշտություն, որովհետև մարդու իրավունքների իրացումը չպետք է կախված լինի մարդու կամքից: