Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին բյուջեի տարեկան ու փաստացի պլանի մասին:
«Մենք ընդունել ենք օրենք, որում նախատեսված է եղել որոշակի քաղաքականություն իրականացնել` արդյունքներ ստանալու համար: Հիմա դուք արդյունքներ չեք ստացել, զուգահեռաբար փոփոխություններ եք արել բյուջեում, ուստի այստեղ պետք է ներկայացնեք այդ փոփոխությունների իմաստը, ուղղությունները, և թե որքանով են այդ փոփոխությունները նպաստել արդյունքների ստացմանը: 9 միլիարդ դրամ ավելի եկամուտ եք հավաքագրել: Եկամուտների հավաքագրման տեսանկյունից` փոփոխություններ կան փաստացի պլանում»,- ասաց պատգամավորը:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ եթե օրենքը վերապահում է կառավարությանը` կատարել փոփոխություններ, ուրեմն դա չի կարող դառնալ նպատակահարմարության հարց: «Աշխարհի ոչ բոլոր երկրներում է, որ կառավարությունը հրապարակային է գործում` արտաբյուջետային փոփոխությունները ներառելով հաշվետվության մեջ»,- ասաց գլխավոր գանձապետը:
Արծվիկ Մինասյանն առարկեց` ասելով, որ 55 միլիարդ դրամի փոփոխություն ու ճշտում է կատարել կառավարությունը, 55 միլիարդ դրամի եկամուտ են փոխել, անգամ` եթե օրենքով ունեն դա անելու իրավասությունը, և դա ընթացքում է կատարվել:
«Ձեր ասած 55 միլիարդը չի կարելի 1,2 տրիլիոնի մեջ գնահատել նշանակալի, բայց դա օրենքով է սահմանված, և կառավարությունն իր իրավասությունները չի վերազանցել»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Արծվիկ Մինասյանի հաջորդ հարցը վերաբերում էր կուտակային վճարներին: Պատգամավորը հիշեցրեց, որ կառավարությունը ժամանակին առաջ էր մղում այն թեզը, որ այդ վճարները ներդրումների համար անհրաժեշտ գումարներ են, և հիմա 4,8 միլիարդ դրամ քաղաքացիներից տարել են, դրան գումարվում է ևս այդքանը, և 9,6 միլիարդ դրամ տնտեսության մեջ պետք է մնար: «Ինձ համար սա սկզբունքային հարց է` ի՞նչ արդյունք են տվել այդ գումարները: Փաստացի արդյունք չենք տեսնում, դրա էֆեկտը զրոյական է, ուրեմն ինչո՞ւ են շարունակում այդ գումարները վերցնել»,- հարցրեց նա:
Գլխավոր գանձապետը նշեց, որ այն, ինչ նախատեսված է օրենսդրությամբ, այդպես էլ արվել է կուտակային վճարների պարագայում: