ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով,Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց «քաղբանտարկյալ» սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ` առ այսօր Եվրախորհրդի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որեւէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:
Հիշեցնենք, որ այս նույն միտքը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնել էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից միայն Ադրբեջանի վերաբերյալ է հայտարարություն արվել, որ այնտեղ քաղբանտարկյալներ կան, մինչդեռ այս տարիների ընթացքում այդ նույն կառույցը որեւէ հայտարարություն չի արել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին:
Ռուստամյանի այս հայտարարությունը, ոմանց կողմից ուղղորդվելով, քննադատությունների եւ քննարկումների թեմա դարձավ:
Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, որ փաստորեն ԵՄ դեսպանը ասել է նույն բանը, ինչ ինքը` ճեպազրույցների ժամանակ` Արմեն Ռուստամյանը նշեց. «Ցավով եմ ականատես լինում, թե ինչպես կարելի է կոնտեքստից կտրել իմ ասածը և լիարժեք աղավաղել իմ ասածի իմաստը, տրամաբանությունը և բառերը: Դա թող մնա իրենց խղճին, բայց փառք Աստծո, ժամանակակից տեխնիկան թույլ է տալիս, որ ամբողջությամբ օրիգինալ աղբյուրից լսեն, թե ես ինչ եմ ասել, կա ձայնագրությունն ու տեսագրությունը: Փաստորեն չանցավ մեկ շաբաթ և նույն իմ ասածները հաստատեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը»:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ ինքը միայն փաստերն է նշել, և այդ փաստեր նշելը լրատվամիջոցները մեկնաբանել են յուրովի` որպես տեսակետ: Մինչդեռ Արմեն Ռուստամյանը ասել է, որ քաղբանտրակյալների սահմանման հստակ չափանիշներ կան: «Ժամանակին, երբ այդ չափորոիշներից խոսում էի, այստեղ դեռ ոչ ոք դրանից տեղյակ չէր: Երբ այս թեմայով քննարկումները սկսվեցին Եվրոպայի խորհրդում, առաջին ջատագովներից մեկն էլ ես եմ եղել, որ ցանկացել եմ այդ խնդիրը տեղափոխել օբյեկտիվ դաշտ, որպեսզի ոչ ոք չփորձի շահարկել «քաղբանտարկյալ» հասկացությունը, և լինի վստահելի գնահատական: Իսկ դա կարող են տալ միայն մասնագետները: Ես միշտ այդ հարցին մոտեցել եմ այդ տրամաբանությամբ, դա իմ համոզումն է, կարելի է ասել, որ այս հարցի մեջ ես այնքան եմ խորացել, որ շատ լավ տիրապետում եմ ողջ գործընթացին: Միակ կառույցը, որը շատ լրջորեն է մոտեցել այդ հարցին, դա Եվրոպայի խորհուրդն է, որը մեծ փորձ ունի այս հարցի հետ կապված, անգամ «պիլոտային» ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում «քաղբանտարկյալ» հասկացության հետ կապված ուսումնասիրություն կատարելու առումով, և բոլոր այդ մասնագիտական ուսումնասիրությունները բերել են մեկ արդյունքի, որ իրականում իսկապես ԵԽ համար քաղբանտարկյալների ցանկ` որպես այդպիսին, միայն Ադրբեջանի վերաբերյալ գոյություն ունի: Ուրիշ երկրներում էլ եղել են վիճարկելի հարցեր, բայց բոլոր քննարկումները բերել են այդ հստակ եզրակացությանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է Դաշնակցության գործին, Ռուստամյանի խոսքով, այն ժամանակ չկային ԵԽ չափորոշիչներ, և ինքը ասել է, որ եթե այդ չափորոշիչները լինեին, և դաշնակցական գործիչները կգնահատվեին որպես քաղբանտարկյալ, որովհետև ինքը եղել է այդ գործի մեջ, և շատ լավ գիտի գործի մանրամասները: Չլինելով իրավաբան` Ռուստամյանը հանձն է առել ուսումնասիրել հենց Դաշնակցության գործը: Եվ ԵԽ-ում այդ հարցերը քննարկվել, ներկայացվել են, եղել են լսումներ` մասնագետների մասնակցությամբ: Եվ հենց այդ մասնագետների կարծիքն է եղել, որ` այո, եթե ժամանակին լինեին այդ հինգ չափորոշիչները, ապա Դաշնակցության գործը ընկնում է հենց այդ կատեգորիայի տակ: Ռուստամյանը ներկայացրեց, գործի մանրամասները, իրեն ձերբակալել են` սկզբից հայտարարելով, որ Ռուստամյանը ինչ-որ մի կնոջ է վրաերթի ենթարկել: Սակայն նման բան չէր եղել, և որպեսզի հնարավորություն ունենային Ռուստամյանին պահելու կալանքի տակ, քանի որ նա այդ ժամանակ պատգամավոր էր՝ անձեռնմխելիության իրավունքով օժտված, ապա տանը խուզարկություն են արել, որի ժամանակ երեխայի խաղալիքների մեջ գցել են իրենց կողմից բերված թղթի մեջ փաթաթած հինգ փամփուշտ և մեկ նռնակ, որ հիմք ունենան կալանավորելու: Հետագայում ի հայտ եկավ փաստաթղթերի կեղծիք. տանը զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ արձանագրության երկու օրինակները միմյանցից տարբեր էին. մեկը այլ արձանագրում էր, մյուսը՝ այլ: Երեք մահապատժի հոդված է եղել մյուս դաշնակցականների վրա, Ռուստամյանի վրա՝ երկու մահապատժի հոդված, գումարային՝ 65 տարվա բանտարկություն նախատեսող: Նրա խոսքով` նույն այդ դատական համակարգը, որը գործում էր այդ ռեժիմի ներքո, չկարողացավ ապացուցել, մինչդեռ աննախադեպ երկար դատ է եղել, 180-ից ավելի նիստ է գումարվել: Չկարողանալով ապացուցել` ստիպված են եղել վերաորակավորել` դնելով այնպիսի հոդվածներ, որոնք նախատեսում են 0-ից մինչև 7 տարվա ազատազրկում:
«Եվ քանի որ ամեն մեկս արդեն երեք տարի ազատազրկված էինք, հարմարեցրել են մեր պատիժը մեր նստածին, այնինչ եթե որևէ իրավաբանի հարցնեք, կասի, որ եթե մարդը առաջին անգամն է դատվում, ապա մեղմացուցիչ հանգամանքներ են կիրառվում, զանազան մեղմացուցիչ հանգամանքներ կան, և դրանք բավական էին, որ եթե հոդվածը նախատեսում էր ոչնչից մինչև յոթ տարի, ապա չեն էլ բանտարկում: Այսինքն նախադեպը չունեցող ծանր պատիժ էր: Այս բոլորը այն կոմպոնենտներ են, որոնք հստակ չափվում են այդ չափորոշիչներով: Ես սրա մասին եմ խոսել: Դրանից նախ չի բխել, որ ես որևէ գնահատական եմ տալիս, որովհետև գնահատական կարող են տալ միայն մասնագետները, և ինձ վերագրել, որ ես գնահատել եմ, դա չի բխում իմ հարցազրույցի էությունից: Ես փաստերն եմ վերլուծել, ասել եմ` Հայաստանի հետ կապված ԵԽ-ում չկա այդպիսի ցանկ, որը հաստատեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը: Եվ իմ ասածը չի նշանակել, որ ես ասում եմ, թե մյուսները քաղբանտարկյալ չեն, ես այդ մասնագիտական վերլուծությունը չեմ արել, և այդ իրավունքը ինձ չեմ վերապահում, որ չունենալով հիմքեր` ինչ-որ հայտարարություններ անեմ: Այս անպտուղ բանավեճը, որ կա, դրա վերջը տալու համար պետք է հղում կատարել ԵԽ փորձին, որը լավագույնս է անդրադառնում այդ հարցին»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ ճիշտ կլիներ, որ փոխանակ ոչ պրոֆեսիոնալ ձևով հարցերին անդրադառնան, այլ ասենք մի լուրջ իրավաբան, վերցներ մի գործ, և այդ հինգ չափորոշիչներով ստուգեր` համընկնում են այդ պահանջներին, թե ոչ: Եվ այդ վերլուծությունները կատարելով` հայտներ մասնագիտական տեսակետ:
Վերջում Ռուստամյանը հորդորեց չորրորդ իշխանություն ներկայացնող լրագրողներին լինել փոքր-ինչ բարեխիղճ, ոչ թե տրվել խառնակչություն անելուն ու աղավաղելուն, որովհետև եթե որոշ լրատվամիջոցների նպատակը ոչ թե «իրականությունը լուսաբանելն և հարցերին ճիշտ պատասխաններ ներկայացնելն է, այլ խառնակչություն անելը, խոսք տանել- բերելը, ապա դա արդեն ուրիշ ոլորտ է տանում, ինչը պատիվ չի բերում լրատվամիջոցներին»: