կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-29 17:49
Առանց Կատեգորիա

«Գազային մանդրաժ» կամ հայկական ալտրուիզմի հետևանքները

«Գազային մանդրաժ» կամ հայկական ալտրուիզմի հետևանքները

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն Բաքվում ընթացող` «Հարավային գազային միջանցք» խորհրդատվական խորհրդի նախարարական նիստի շրջանակներում հայտարարել է. «Վրաստանը վերջին մի քանի ամիսներին բանակցություններ է վարում «Շահ Դենիզ» կոնսորցիումի հետ ադրբեջանական գազի մատաակարարման ծավալները մեծացնելու շուրջ, և կարծում եմ՝ մոտ օրերս մենք կհամաձայնեցնենք այդ հարցը»։ Ի պատասխան՝ Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) նախագահ Ռովնաղ Աբդուլաևը նշել է, որ Ադրբեջանը տարեկան լրացուցիչ  500մլն խոր. մ գազ կմատակարարի Վրաստանին։

Թբիլիսին և Բաքուն կարծես մոտ են այս հարցում վերջնական համաձայնության ձեռք բերմանը։ Դրա մասին է վկայում Բաքվում Քալաձեի արած այն անակնկալ հայտարարությունը, թե Վրաստանը չի կարող Իրանից գազ գնել բարձր գների պատճառով։ Մինչդեռ մոտ երկու շաբաթ առաջ Թեհրան կատարած նրա այցի ժամանակ Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին հայտարարել էր, թե Թեհրանը և Թբիլիսին պայմանավորվել են Վրաստանին Հայաստանի տարածքով  200 մլն խոր. մ իրանական գազ մատակարարելու հարցում, որ գործարքը կնքվելու է առաջիկա 7 ամսվա համար, և որ մատակարարումները կարող են սկսվել այս տարվա մարտի վերջերից։

Վրաստանի փոխվարչապետի՝ Բաքվում արած հայտարարությունը կարող է նշանակել, որ Թբիլիսին պարզապես հրաժարվում է այս նախագծից՝ իր համար շատ ավելի շահեկան առաջարկ ստանալով Ադրբեջանից։ Եթե ադրբեջանա-վրացական այս գազային գործարքը կայանա, հօդս կցնդի իրանական գազը Վրաստան տեղափոխելու համար տրանզիտային միջանցք դառնալու` Հայաստանի «երազանքը»։ Այս առումով Ադրբեջանը կտանի հիրավի պատմական հաղթանակ։

Ալիևին չհաջողվեց Իրան կատարած իր այցի ժամանակ Թեհրանի միջոցով խափանել վրաց-իրանական այդ գործարքը։ Փոխարենը Բաքվին դա հաջողվում է իր գազի գործոնը քաղաքականացնելու և Վրաստանի շահագրգռությունն օգտագործելու միջոցով։ Եթե Ադրբեջանին հաջողվում է գազի սակագնի և ծավալների հարցում Վրաստանին լուրջ զիջումներ անելու միջոցով կասեցնել տարածաշրջանային էներգետիկ-կոմունիկացիոն շրջափակումից Հայաստանի  դուրս գալու հեռանկարը, ապա Վրաստանին հաջողվում է իր մեծացող ներքին պահանջարկը լիովին բավարարող ծավալներով ու ավելի մատչելի գնով գազ ձեռք բերել Ադրբեջանից։ Ստացվում է, որ Թեհրանում, համաձայնելով իրանական գազը Հայաստանի տարածքով անցկացնելուն, Քալաձեն իրականում նպատակ ուներ Ադրբեջանին մղել ավելի լուրջ զիջումների, ինչին վերջինս գնաց, երբ համոզվեց, որ Իրան-Հայաստան-Վրաստան գազային առանցքի ձևավորումն այլընտրանք կարող է չունենալ, եթե շատ կտրուկ հակաքայլեր չկիրառի։

Վրաց-ադրբեջանական այս գործարքը հզոր հարված կարող է լինել Հայաստանին նաև այն պատճառով, որ կարող է օրակարգից հանել ռուսական գազի սակագնի նվազեցման հնարավորությունը։ Հայտնի է, որ ռուսական «Գազպրոմ»-ը և Վրաստանի կառավարությունը ինտենսիվ բանակցում էին Հայաստան մատակարարվող գազի դիմաց, որպես փոխադրավճար, Վրաստանին անվճար տրվող մոտ 200 մլն խոր. մ գազի փոխարեն գումարով վճարելու` ռուսական կողմի առաջարկը։ Վերջինս ծանր դրության մեջ էր դրել Վրաստանին՝ հայտարարելով, թե Հայաստանին գազի անխափան մատակակարումը կարող է ապահովել նաև Իրանի միջոցով՝ այսպես կոչված՝ սվոփ ռեժիմով։ Եվ հիմա Ադրբեջանից 500 մլն խոր.մ լրացուցիչ գազ ստանալու դեպքում Վրաստանը շահագրգռված չի լինելու ռուսական կողմի հետ լեզու գտնել, և Իրան-Ռուսաստան այդ հնարավոր գործարքի անհրաժեշտությունը վերանալու է ինքնըստինքյան։ Այս իմաստով` Ադրբեջանի առաջարկը առնվազն ամրացնում է Թբիլիսիի դիրքերը Մոսկվայի հետ բանակցություններում։

Հայաստանի համար ստեղծվում է իսկապես «մանդրաժային» իրավիճակ։ Դրանում, սակայն, ո\'չ Վրաստանին կարելի է մեղադրել, որն այս արդյունքին հասնում է Հայաստանի գործոնը Ադրբեջանի առջև խաղարկելու միջոցով, ո\'չ էլ Ադրբեջանին, որը գործում է` իր շահերից ելնելով։ Այստեղ միակ մեղավորը Հայաստանն է, որն ամիսներ շարունակ իր շուրջը տեղի ունեցող և իր անունը շրջանառող բանակցային բազմաքայլ կոմբինացիաներում գրավել էր պասիվ, սպասողական դիրք։ Երևանն ուղղակի նախընտրել էր չտեսնելու տալ այդ գործընթացները՝ չնայած միջազգային պատժամիջոցներից Իրանի ձերբազատվելուց հետո ստեղծող նոր իրավիճակից բոլոր ուղղություններով օգտվելու մասին հավաստիացումներին։

Այս սպասողականության և ալտրուիզմի էֆեկտը, սակայն, կարող է լինել սպասվածից ավելի ցավոտ։ Այսօր Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Ջաբիրա Անսարին տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրանում տեղի է ունենալու Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Ադրբեջանի և Իրանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը։  Թե կոնկրետ ինչի՞ շուրջ են եղել այդ պայմանավորվածությունները, դժվար է ասել։ Ըստ ամենայնի՝ խոսքը վերաբերում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան առևտրատնտեսական միջանցքի ձևավորմանը։ Դա պարզ է դառնում Անսարիի այն պարզաբանումից, թե Թեհրանը մեծ նշանակություն է տալիս առևտրի և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացմանը, որը խթան է նաև այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ Բացի դրանից` Թեհրանից վերադառնալուց հետո Ալիևը նախ հեռախոսազրույց  ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա՝ Իրանի նախագահ Ռուհանիի, որից հետո` կրկին Պուտինի, ինչը կարող է խոսել Ալիևի միջնորդությամբ ընթացող եռակողմ բանակցությունների մասին։

Չի բացառվում, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքը, հատկապես` Ադրբեջանի ու Իրանի երկաթուղիներն իրար միացնող Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության ավարտից հետո Հյուսիս-հարավ միջանցքի շահագործմանը, որի կարիքն ունի թե\' արտաքին շուկաներ փնտրող Թեհրանը և թե\' թուրքական արգելված ապրանքներին այլընտրանք փնտրող Ռուսաստանը։ Եթե իսկապես այդպես է, ապա ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանից խլում է նաև Իրանի և ԵՏՄ-ի միջև կապող օղակ դառնալու հեռանկարը։ Որքան էլ ամոթալի է խոստովանել, Ադրեջանին դա կարող է հաջողվել Հայաստանի դե յուրե և դե ֆակտո «դաշնակիցների»՝ Ռուսաստանի և Իրանի անմիջական ներգրավվածությամբ։ Ներկայիս պասիվ դիտորդի դերը շարունակելու դեպքում սանկցիաներից Իրանի «ազատագրումը» Հայաստանի համար ոչ թե նոր հնարավորությունների իրացմանը, այլև վերջնականապես այդ հնարավորություններից զրկվելուն և տարածաշրջանային մեկուսացմանն է հանգեցնելու։

Գևորգ Դարբինյան