Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստը հաստատեց, որ, այսպես կոչված, համաժողովրդական շարժումը, որպես այդպիսին, ժամանակավոր դադար է վերցնում, քանի որ, ԲՀԿ ղեկավարի որոշմամբ, ողջ ուշադրությունն առաջիկայում դարձվելու է շարժման տարածքային շտաբների ձևավորման վրա: Այս որոշումն առանձնահատուկ էր երկու հիմնական պատճառով:
Առաջին` ո'չ ԲՀԿ-ն, ո'չ էլ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կառուցվածքային-կազմակերպչական այդ գործընթացի համար կոնկրետ ժամկետներ այդպես էլ չսահմանեցին, և պարզ չէ, թե ինչքան է ձգվելու շտաբների ձևավորման այս գործընթացը: Այսինքն` դրանք կտևեն այնքան, ինչքան կցանկանա Ծառուկյանը` ելնելով քաղաքական զարգացումների տրամաբանությունից: Իսկ այդ տրամաբանությունը հուշում է, որ շտաբների ձևավորման մոտավոր վերջնաժամկետը կարող է լինել 2015թ. փետրվար-մարտ ամիսները: Նախ` հենց այդ ժամանակ է Սերժ Սարգսյանը հստակեցնելու սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչը Ծառուկյանի համար ուղղորդիչ է լինելու` տակտիկական որոշումները կայացնելու առումով: Բացի դրանից` հունվարին ուժի մեջ է մտնելու ԵՏՄ-ի պայմանագիրը, և քանի որ Մոսկվայի մոտ, որպես գործող իշխանության այլընտրանք, վստահություն ձեռք բերելու խնդիր ունի, Ծառուկյանը կխուսափի մինչ այդ քաղաքական անկայունության թեկուզ չնչին տարրեր պարունակող գործողություններից:
Երկրորդ` քաղխորհրդի նիստում այս դադարը կոմպենսացնող որևէ այլ մասշտաբային գործողություն ձեռնարկելու որոշում չկայացվեց, ինչը նշանակում է, որ կա'մ ԲՀԿ-ն ձեռպահ է մնալու այդ ընթացքում հանրահավաքային գործունեությունից, կա'մ հանրահավաքների հրավիրումն այնպիսի ինտենսիվություն չի ունենալու, ինչպիսին ենթադրվում էր շարժումը սկսելու ժամանակ, կամ ինչպիսին ուզում էին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: ՀԱԿ-ի` նախօրեին տարածած հայտարարությունն այն մասին, թե զանգվածային միջոցառումներն այս փուլում անհրաժեշտ են, հստակ ցույց է տալիս, որ Ծառուկյանի տված հանձնարարականների ներքո հենց շարժումը առժամանակ դադարեցնելու միտումներ են տեսնում, ինչը հակասում է ՀԱԿ-ի և «Ժառանգության» մարտավարական պլաններին:
Եվ երրորդն ու ամենակարևորը` ըստ էության` Ծառուկյանն այս որոշումը կայացրել է միանձնյա` բացարձակապես հաշվի չառնելով եռյակի իր գործընկերների կարծիքը, որը, ինչպես արդեն հասկանալի է դառնում ՀԱԿ-ի տարածած հայտարարության բովանդակությունից, տրամագծորեն տարբերվում է: Այս իմաստով Ծառուկյանի կայացրած միակողմանի որոշումները շրջադարձային կարող են լինել շարժման և եռյակի գոյության համար:
Հայտնի է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հատարարել էր, թե շարժումը ղեկավարում են 4 ուժեր` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն, որոշումներն էլ կայացվելու են այս ուժերի միջև կոնսենսուսի միջոցով: Եվ ահա Ծառուկյանն իր այս որոշմամբ պարզորոշ ասում է, որ նման բան գոյություն չունի, և որ Տեր-Պետրոսյանն ավելի շատ երազանքների գիրկն էր ընկել: Ծառուկյանը խաղի նոր կանոններ է սահմանում եռյակի համար և ստիպում գործընկերներին ենթարկվել իրեն այն նույն սկզբունքով, ինչպես ԲՀԿ-ի ներսում: ՀԱԿ-ի տարածած հայտարարությանն ի պատասխան, ԲՀԿ խոսնակի արած մեկնաբանությունները, թե ՀԱԿ-ը կարող է ինքնուրույն հանրահավաքներ կազմակերպել, ցույց է տալիս ՀԱԿ-ին և «Ժառանգության»-ը փաստի առջև կանգնեցնելու` ԲՀԿ-ի միտումը:
Առավել քան ուշագրավ է, որ եռյակի փլուզմանը տանող այս որոշումները, դրանց հենքի վրա կատարվող զարգացումները սկսեցին ծավալվել Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո: Համենայն դեպս, ո'չ ՀՀԿ-ն ու ո'չ էլ ԲՀԿ-ն պաշտոնապես չհերքեցին նման հանդիպման իրողությունը:
Մինչև հիմա եռյակը և հատկապես ԲՀԿ-ն իշխանություններին մեղադրում էին իշխանական համակարգը մենաշնորհելու մեջ: Մինչդեռ այն, ինչ անում է ԲՀԿ-ն հիմա, ավելին չէ, քան ընդդիմադիր դաշտի անունից որոշումների կայացումը մենաշնորհելը: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»-ը հիմա մտորելու խնդիր ունեն` ի վերջո, եռյակի ձևաչափի՞ հետ գործ ունեն, թե՞ Ծառուկյանի` միանձնյա որոշումներով առաջնորդվելու հրամայականի:
Ի դեպ, 2011թ.-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին այն նույն բանում, ինչում այսօր իրենք են, փաստորեն, մեղադրում Ծառուկյանին, նա պատասխանում էր, թե ընդդիմադիր դաշտը մենաշնորհել հնարավոր չէ, և եթե կան ավելի զորեղ, անելիք ու ասելիք ունեցող ուժեր, թող հայտ ներկայացնեն ու իրենց փոխարեն նրանք ղեկավարեն քաղաքական պրոցեսները: Հետաքրքիր է` հիմա ի՞նչ է այս կապակցությամբ մտածում Տեր-Պետրոսյանը:
Գևորգ Դարբինյան