կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 16:37
Տնտեսական

Հնարավո՞ր է` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան էժանանա

Հնարավո՞ր է` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան էժանանա

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե արձանագրվել է, որ ՀԷՑ-ում կորուստը երկու տոկոսով նվազել է, ինչը ենթադրում է, որ իրականում եկամուտներն ավելացել են այդքանով, արդյո՞ք դա սակագինը վերանայելու հիմք չէ: Նա նաև նշեց, որ երբ անցած տարի օգոստոսի 1-ին 7 դրամով ավելացրին սակագինը, դա պատճառաբանվեց, որ արվում է պարտքերը փակելու համար: Պատգամավորը հարցրեց, թե այդ դեպքում որտեղի՞ց է ՀԷՑ-ի համար նոր վարկ վերցնելու գաղափարը, առավել ևս, որ ՀԷՑ-ն ասում է, որ դա իր վարկը չէ:

Ռոբերտ Նազարյանը նշեց, թե ինչ վերաբերում է կորուստների՝ երկու տոկոսով նվազելուն, ապա անցած տարի ԱԺ լսումների ժամանակ և բոլոր հրապարակային ելույթներում հստակ ձևակերպել է, թե որքան վատ է ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը: Նա նշեց, որ դրա առաջին պատճառը հաշվեկշռի կանխատեսումների արդյունքում կրած վնասներն են, ինչը ՀԷՑ-ի մեղքով չէ: «Երկրորդ պատճառը վատ կառավարումն էր, վատ կառավարման բաղադրիչներից մեկն էլ կորուստներն էին»,- ասաց նա։

Անդրադառնալով նոր վարկին՝ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ նոր վարկային պարտավորության մեկնաբանություններին ծանոթ է, և թեև այդ վարկի տերը չէ, սակայն էներգետիկայի նախարարությունը պնդում է, որ այդ վարկային պարտավորությունները որևէ լումայի բեռ չեն առաջացնելու բաժանորդի սակագնի վրա։ Բացի այդ` Նազարյանը նշեց, որ վարկը չի կապվում ՀԷՑ-ի հետ, այլ` ատոմակայանի և Երևանի ՋԵԿ-ի:

Նազարյանի խոսքով`օգոստոսի 1-ի վիճակով ՀԷՑ-ը իր պարտականությունները  պետք է կատարի:

Արամ Մանուկյանն էլ արձագանքեց՝  էներգետիկայի նախարարության պարզաբանումների մեջ շանտաժ կա: «Նշված է, որ վարկը վերցնելու դեպքում սակագնի բարձրացում չի լինի, դա նշանակում, է, որ եթե 30 միլիոն վարկը չվերցնենք, սակագնի բարձրացում կլինի: Եվ ես ուզում եմ իմանալ` օգոստոսի 1-ից հետո եթե պարտքերը փակվում են, էժանացման խնդիր կդնե՞ք, արդյոք »,- հարցրեց նա:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ չի ուզում անդրադառնալ վարկային միջոցների ձևակերպումներին, սակայն, ընդգծեց, որ վստահաբար կարող է ասել, որ վարկային այդ միջոցների սպասարկումը և մայր գումարի մարումը որևէ ձևով սակագների մեջ արտացոլումը չեն գտնելու: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ այս տարվա օգոստոսի 1-ին 23,4 միլիարդ դրամը սակագնից դուրս է գալիս»,- ասաց նա: