Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վերջերս սկսել է ուշագրավ հայտարարություններ անել` մեկը մյուսից կատարյալ ու զարմացնող:
Նախօրեին` կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է, թե կան հուշարձաններ և ոչ հուշարձան շենքեր, բայց և՛ հուշարձանները պետք է պահպանվեն, և՛ ոչ հուշարձանները, որովհետև միասնական համալիր են: Ավելին` խոսելով Արամի 30-ի մասին` նշել է, թե հանրության «այդպիսի արձագանքի պայմաններում» դիմել է «Հին Երևան» նախագծի տնօրենին, որ Արամի 30-ը վերականգնվի այնտեղ:
Մի կողմից ուրախալի է փաստը, որ հանրության արձագանքը հաշվի է առնվում, սակայն, մյուս կողմից, հետաքրքիր է, որ քաղաքաշինության նախարարը Երևանի ճակատագրի մասին մտածում է միայն հասարակության բուռն արձագանքներից հետո: Պարո\'ն նախարար, իսկ եթե արձագանքներ չլինեն, քանդելով մինչև ո՞ւր եք որոշել հասնել:
Ի դեպ, հանրության արձագանքից ազդվել էր նաև տարածքում հյուրանոցային համալիր կառուցողը` Ավետիս Կարագուլյանը, ով խոստովանել էր` Արամի 30-ում գտնվող շենքը քանդեցին գիշերով, որովհետև վախենում էին, որ ակտիվիստները կխոչընդոտեին իրենց «աշխատանքին»:
Իսկ ահա քաղաքաշինության նախարարը պարզաբանել է նաև, թե ինչ ճանապարհով են վերականգնելու գետնին հավասարեցված Արամի 30-ը. պարզվում է` շենքի չափագրությունները պահել են, ըստ որոնց էլ փորձելու են շենքը նորից կառուցել: Վատ չէ, կարելի է յուրաքանչյուր 200 տարին մեկ շենքերը հերթով քանդել, նորը կառուցել, կարևորը` պարապ չեք մնա, թե չէ` պատմություն, արժեք... Ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար: Բացի այդ` շենքը պատմական արժեք է իրենից ներկայացնում հենց իր տեղում:
Ի դեպ, Նարեկ Սարգսյանն այնպիսի անմեղությամբ և հոգատարությամբ է խոսում այդ շենքերի մասին, կարծես ինքն ամենևին էլ կապ չունի Երևանում տեղի ունեցող կառուցապատման աշխատանքների հետ: Հա, մոռացել էինք, նախարարությունը կոչվում է քաղաքաՇԻՆության, ուստի` քանդելը պետք է «տակից» լինի, կարևորը` երևացող կողմը` խոսքերը, լինեն սրտաբուխ ու հուզիչ:
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ» եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի մտահոգությանը, որ «Դոլմամա»-ի տարածքում գինեգործների համար կարևոր նշանակություն ունեցող նկուղներ կան, նշել է, որ դրանք չեն քանդվելու: «Սահմանափակումները կլինեն հուշարձանները տեղում պահպանելու վերաբերյալ, դրա մեջ կմտնի նաև նկուղների հարցը, եթե դրանք արժեքավոր են: Ես ինքս չեմ եղել այդ նկուղում»,- ասել է նա:
Նարեկ Սարգսյանը մի կողմից խոստանում է չքանդել դրանք, մյուս կողմից` շտապում հավելել` եթե դրանք արժեքավոր են, հետո էլ` խոստովանում, թե` չի եղել այդ նկուղներում: Պարո\'ն Սարգսյան, առաջարկում եմ կողմնորոշվել, ասում են` լավ բան է: Ուշագրավ է նաև այն, որ քաղաքաշինության նախարարը չգիտի գերակա շահ համարված տարածքի շենքերը արժեքավո՞ր են, թե՞ ոչ: Հավանաբար, մտածում է` կարելի է արդարանալ` իր օրոք չի կայացվել որոշումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ էլ մի շարք արվեստագետներ համախմբվել էին` պահանջելով դադարեցնել Երևանում հին շենքերի քանդման գործընթացը, հուսանք` այսուհետ հանրության ոչ միայն արձագանքը, այլ նաև տեսակետը կլսեն` մինչև այս կամ այն շենքը քանդելը:
Կարինե Հարությունյան