Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս լուսանկարիչ Գերման Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Երեւան-Սեւան մայրուղում գտնվող` Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակի լուսանկարը. քանդակը վանդալիզմի էր ենթարկվել:
Մշակույթի նախարարությունը շտապեց արձանագրել, որ «Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակն ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ հաստատված` Կոտայքի մարզի «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետեւաբար, այն հուշարձանի կարգավիճակ չունի»:
Yerkir.am-ի հետ զրույցում քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նշեց, որ նախարարության արձագանքը, թե քանդակը գրանցված չէ, ուստի չեն կարող ինչ-ինչ քայլեր ձեռնարկել, ոչ մի կապ չունի կատարվածի հետ: «Դա ի՞նչ կարևոր է` գրանցված է, թե` ոչ, իսկ եթե գրանցված լիներ` չէի՞ն անի: Գողացողի համար ի՞նչ տարբերություն, ինչի՞, հաշված գառին գայլը չի՞ ուտում: Չարենցավանի քաղաքապետն էլ, իր հերթին, ասում էր` ի՞նչ է, մենք հո կողքը չե՞նք կանգնելու… Լավ, բա ո՞վ է պատասխանատու»,- ասաց նա:
Ըստ քանդակագործի` եղածը խուլիգանություն է, խուժանություն, բայց ոչ` վանդալիզմ, որովհետև վանդալիզմը հրեշագործություն է, ատելություն ազգի, մշակույթի նկատմամբ, և քանդակագործը հույս ունի, որ այդ աստիճանի չէ ատելությունը, խնդիրը փողն է:
«Բրոնզն այսօր թանկ է, դրա համար էլ գողանում են, կտրտում, տանում-վաճառում ու փող աշխատում: Մենք չենք կարծում, որ դրանք ազգի դավաճաններ են, պարզապես խուժաններ են: Առաջին ու երկրորդ դեպքն էլ չի, որ նման կերպ այլանդակում են մեր քանդակները: Թե ասա` ստեղծագործություն է, լավ, թե` վատ` ուրիշ հարց է, բայց ոչ մեկն իրավունք չունի ձեռք տալու դրանց»,-ասաց Թոքմաջյանը:
Նրա կարծիքով` միակ ելքը տեսախցիկ դնելն է, որ գոնե մի քիչ վախենան, որովհետև գողին բռնելը հեշտ կլինի: «Ամբողջ քաղաքում տեսախցիկներ են դնում, չէ՞, թող մի-մի հատ էլ քանդակների մոտ տեղադրեն: Կամ էլ` ամեն արձանի կողքին մի ոստիկան պետք է կանգնի, ու շուրջօրյա հսկողություն սահմանվի, ինչը գործնականում անհնար է»,- նշեց քանդակագործը:
Լուսանկարը` Գերման Ավագյանի