կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 14:00
Տնտեսական

Իրանի հետ ինտեգրացիոն նախագծեր պետք է կյանքի կոչվեն, բայց չեն արվում. Հրանտ Բագրատյան

Իրանի հետ ինտեգրացիոն նախագծեր պետք է կյանքի կոչվեն, բայց չեն արվում. Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողներին հիշեցրեց ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունն այն մասին, թե ԵՏՄ-ն պատրաստ չէ միասնական արժույթի: Պատգամավորի համոզմամբ` դա սխալ հայտարարություն է, որովհետև ԵՏՄ երկրները պարտավոր են իրար միջև առևտուրն իրականացնել ոչ դոլարով, ինչը էականորեն կնվազեցնի պահանջարկը դոլարի նկատմամբ: «Անպայման են գալու միասնական արժույթի»,- ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ԿԲ-ն անընդհատ պարտք է վերցնում, թույլ է տալիս կամայականություններ, քանի որ չի վարում հստակ քաղաքականություն, ԿԲ-ն, ըստ նրա, եվրոյի ու դոլարի հետ միասին պահուստում պետք է ունենա ռուբլի: Դրանից բացի` Հայաստանը պետք է պահանջի Ռուսաստանից, որ գազի ու նավթի դիմաց վճարեն ռուբլիով:

«Հովիկ Աբրահամյանը հարցը խելացի ու ճիշտ է դրել, որ գազի դիմաց դոլարով չվճարեն, բայց չգիտեմ՝ կհասնե՞ն դրան, թե՞ չէ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ ելքերից մեկն էլ կարող էր լինել ռուբլիով վարկավորում թույլ տալը:

Ինչ վերաբերում է գազի խնդրին և Իրանից էժան գազ գնելու հավանականությանը, նա նախ հիշեցրեց, որ գոյություն ունի գազի միջազգային գին` 1000 խորանարդ մետրն արժե 85 դոլար:

«Ե՞րբ են Իրանի հետ բանակցել, որ հիմա ասում են, թե Իրանը էժան գազ չի տալիս: Սուտ ասելը դժվար ա՞, էսօրվա կառավարության թիմը չի կարողանում կոնտակտի դուրս գալ անգամ Ռուսաստանի հետ: Գազի գնի բանակցությունները նախագահի գործն է թող գնա` Պուտինի հետ բանակցի: Պուտինի թողնել-չթողնելով չի, մենք սուվերեն պետություն ենք: Իհարկե, կթողնի, իհարկե, ի վերջո, կհամաձայնի կա\'մ էժանացնել գազի գինը, կա\'մ Հայաստանը Իրանից է էժան գազ գնում»,- ասաց Բագրատյանը:

Նա հավելեց, որ Իրանը Հայաստանի կարիքն այլևս չունի, քանի որ պատժամիջոցները հանվել են, և Հայաստանն այն ժամանակ պետք է Իրանի հետ ճիշտ դիվանագիտություն վարեր, երբ դեռ պատժամիջոցները հանված չէին: 

«Մեր ամենառեալ հնարավորությունն է, Իրանի հետ կապված, խլել տրանզիտը դեպի հյուսիս: Այդ առումով Թուրքիան ու Ադրբեջանը գործում են ավելի արագ: Եվ խելացի կլինի, որ Հայաստանի կառավարությունը խելացի ինտեգրացիոն նախագծեր մշակի ու կյանքի կոչի, բայց նման բան մենք չենք տեսնում: Օրինակ՝ ինչո՞ւ  Հայաստանը միայն «Ռոսնեֆթ»-ից պետք է նավթամթերք գնի: Ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չպիտի ունենար մինչև 2 միլիոն տոննա կարողությամբ նավթավերամշակման գործարան»,- ասաց Բարգատյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ Իրանը  գիտելիքի խոշոր կենտրոն է, դասավանդել է այնտեղ և գիտի, որ Իրանի ու Հարավային Կորեայի երեխաները միշտ հաղթում են միջազգային օլիմպիադաներում: Թեհրանի համալսարանի մակարդակն  էլ, ըստ Բագրատյանի, ապշեցուցիչ բարձր է: Տնտեսության որոշ ճյուղերում՝ առողջապահություն, տնտեսություն, Հայաստանը կարող է Իրանի հետ համատեղ նախագծեր իրականացնել ու շահել: