Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առհասարակ բոլոր իրատեսական, ողջամիտ առաջարկները պետք է կյանքի կոչվեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով կառավարությանը օրակարգային հարցերով պատասխանատվության կանչելու համար ԱԺ հատուկ նիստ գումարելու՝ ՀՅԴ պահանջին։
«Բոլոր ողջամիտ առաջարկները՝ անկախ նրանից Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից են, թե արտախորհրդարանական այլ ուժի, կամ հասարակական միավորի, մտավորականի կամ մարդու, ով այս ստեղծված իրավիճակում կարողանում է լուծումներ առաջարկել, պետք է կյանքի կոչվեն, քանի որ մենք այն փուլում ենք գտնվում, որ հապաղել չի կարելի և պետք է գործել, գործել ի շահ մեր պետության, մեր երկրի և մեր ժողովրդի»,-ասաց Էնֆիաջյանը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ արտախորհրդարանական ուժերի հետ Դաշնակցությունը քննարկումներ է անցկացնում՝ կոնկրետ օրակարգի շուրջ միավորվելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունը կմիանա՞, թե՞ ոչ՝ հարցին, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք մեր շուրջը համախմբել և համախմբվել յուրաքանչյուր այն դիրքորոշման շուրջ, որը այս ստեղծված իրավիճակից կտանի առաջ։ Մենք պատրաստ ենք աշխատելու և համագործակցելու այն ուժերի, այն անհատների հետ, որոնք ժողովրդի կողմից ընկալված են և արդյունավետ կարող են ծրագրեր ներկայացնել»։
Յուրաքանչյուր շարժում, նախաձեռնություն ունի իր օրակարգը, բովանդակությունը՝ նշեց նա, ԲՀԿ-ն ունի իր օրակարգը, բովանդակային առաջարկություններ արել է և անում է, հստակ ձևակերպել է խնդիրներ և գտնում է, որ այդ խնդիրների շուրջ պետք է համախմբում տեղի ունենա, բայց ոչ թե խնդիրների շուրջ համախմբման, այլ իրական փոփոխություններ արձանագրելու նպատակով։
«Մենք առողջ ուժերի հետ քննարկելու ենք, աշխատանքային հանդիպումներ ենք ունենալու ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Առաջիկա անելիքների հետ կապված, ըստ փուլերի, կտեղեկացնենք մեր ժողովրդին»,-ասաց Էնֆիաջյանը։
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարության 100 տոկոս կազմը տապալել է աշխատանքը և դիմեց Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը․ նա պատրաստակամություն հայտնեց անձամբ հանդիպելու բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ։ Վահե Էնֆիաջյանի համոզմամբ՝ նման հայտարարությամբ հանդես գալու դրդապատճառը հենց այն է, ինչ պրն․ Ծառուկյանը իր ելույթում մանրամասն նկարագրեց և տվեց քաղաքական գնահատական։
«Ստեղծված իրավիճակը չի վերաբերում միայն ընդդիմությանը, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն մտահոգություններ և կիսում են մեր քաղաքական դիրքորոշումը։ Մենք գտնում ենք, որ լայն կոնսոլիդացիա է անհրաժեշտ, որ ստեղծված իրավիճակում կարողանանք ոլորտների հետ կապված փոփոխություն մտցնել, քաղաքականություն մշակել և այս իրավիճակը, որի սպառողն ենք բոլորս, կարողանանք հաղթահարել և դուրս գալ»,-մանրամասնեց նա։
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ իրենք հարգանքով են վերաբերվելու բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումներին և իրենց օրակարգով շարժվելու են առաջ։
Խոսելով շարժումը հիմա, ոչ թե համավարակի ավարտից հետո սկսելու անհրաժեշտության մասին, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ երբ ասում են՝ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, շատ մեղմ են ասում։
«Մի շարք խնդիրներ կան․ մարդկային կյանքերի և ճակատագրերի մասին է խոսքը, և ինչի՞ հապաղենք կամ ո՞նց ենք պատկերացնում՝ ընդդիմությունը պետք է լռի՞ և որևէ բանի մասին չխոսի՞ կամ որևիցե նախաձեռնողականություն չպե՞տք է ունենա։ Ի՞նչն է խնդիրը, որ խոսում ենք ժողովրդավարությունից, նոր արժեքներից, բայց մոտեցումների հետ կապված սուր ընկալելիություն կա և փորձում են ամեն կերպ քննադատության արժանացնել՝ գնահատականների, վիրավորանքների, ոչ թե քաղաքական մեկնաբանությունների տեսքով։ Մինչև այս պահը որևիցե քաղաքական մեկնաբանություն ես չեմ լսել»,-ասաց նա։
Էնֆիաջյանը հավելեց, որ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելու ընթացքում իրենք ոչ միայն արձանագրել են խնդիրները, այլև այդ խնդիրների մասով ներկայացրել են իրենց տեսլականը և հստակ առաջարկություններ են ներկայացրել ամենատարբեր կետերի հետ կապված։
«ԲՀԿ հայտնի հավաքի ժամանակ մենք արձանագրել ենք 27 կետեր, այնուհետև հրատապություն ներկայացնող 7 կետեր, այնուհետև ըստ այդմ մշտապես արձանագրել ենք ամենատարբեր խնդիրներ, իսկ այսօրվա խնդիրները դարձել են ոչ թե խնդիր, այլ պրոբլեմ․ այսինքն, հրատապության ռեժիմով պետք է այս իրավիճակին արձագանքել, տեսեք օրական ինչ արդյունքներ ենք ունենում»,-ասաց նա։
Գագիկ Ծառուկյանին վարկաբեկող քրեական փակ գործի տարածման և քաղաքական այս հայտարարության միջև կա՞ պատճառահետևանքային կապ և ո՞րն է պատճառը, ո՞րը՝ հետևանքը հարցին, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց՝ ակնհայտ փաստ է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո իշխանական ուժը ներկայացնող տարբեր տրամաչափի գործիչներ սկսեցին մեկնաբանություններ և գնահատականներ հնչեցնել, որոնց մեջ բովանդակային, քաղաքական որևիցե ձևակերպում չկար, կար միայն զրպարտություն և վիրավորանք։
Նրա համար ակնհայտ է, որ այդ հայտարարությունից հետո տեղի ունեցավ լայնամասշտաբ հարձակումը ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
41 տարի առաջ քննված գործի փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվում են և տնօրեն Ամատունի Վիրաբյանը Yerkir.am-ին վստահեցրեց, որ դրանք արխիվից դուրս չեն եկել, որևէ մեկը չի ծանոթացել, քանի որ փակ փաստաթղթեր են՝ միայն անձամբ Ծառուկյանը կամ նրա ներկայացուցիչը կարող են վերցնել։ Ո՞րն է Էնֆիաջյանի կարծիքը՝ ինչպե՞ս են այդ փաստաթղթերը հայտնվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում։
«Դա էժանագին տրյուկ եմ որակավորում, ուրիշ ոչ մի բան»,-արձանագրեց նա և հիշեցրեց, որ թեև Գագիկ Ծառուկյանը 7 տարի ազատազրկման պատիժը կրել է, բայց տարիներ անց Վճռաբեկ դատարանը արդարացնող որոշում է կայացրել։
«Ես քաղաքական ուժ եմ ներկայացնում և գտնում եմ, որ մեր ժողովուրդը պետք է օբյեկտիվ տեղեկատվություն ունենա և շատ լավ վստահ եմ, որ ժողովուրդն էլ տեսնում է և վերլուծում է, իրադարձություններին հետևում է»,-ասաց նա։
Արդյո՞ք քրեական գործ կհարուցվի դռնփակ քննված գործի փաստաթղթերը հրապարակելու կամ զրպարտության համար՝ հարցին, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Որևիցե անպատասխան հարց, վստահեցնում եմ, չի մնա, ըստ անհրաժեշտության լինելու են քայլեր, յուրաքանչյուր զրպարտություն արժանանալու է նաև իրավական գնահատականի»։
Խմբակային բռնաբարության մասին քրեական գործը, կարծես, Գագիկ Ծառուկյանի խոցելի կետն էր, որը կարելի էր օգտագործել իբրև կոմպրոմատ՝ նրա հանդեպ ճնշում գործադրելու համար։ Այժմ, երբ այդ խաղաթուղթը մարված է, արդյո՞ք Ծառուկյանն ավելի անկաշկանդ չի գործի՝ Էնֆիաճյանը պատասխանեց․ «Գագիկ Ծառուկյանը միշտ էլ գործել է ազատ, առաջնորդվել է իր խղճով և ժողովրդի շահերով։ Եվ որևիցե շինծու հանգամանք չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր արդար գործի համար»։
Աննա Բալյան