կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-01 16:55
Տնտեսական

Ըստ Վարդան Բոստանջյանի` ՊԵԿ-ի միացումը ֆիննախին արդյունավետ կլինի

Ըստ Վարդան Բոստանջյանի` ՊԵԿ-ի միացումը ֆիննախին արդյունավետ կլինի

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ողջունում է հարկային ու մաքսային մարմինների միավորումը ֆինանսների նախարարության հետ: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը միշտ էլ տրամաբանական ու արդյունավետ է համարել հարկային եւ մաքսային մարմինների` ֆինանսների նախարարության տիրույթում գտնվելը: Ըստ տնտեսագետի` քանի որ կառավարության կողմից պետական բյուջեի նախագծի կազմման լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, ապա այն պետք է բյուջեի մուտքերի ու ելքերի վերաբերյալ մշտապես ունենա օպերատիվ տեղեկատվություն:

 

«Դա կարող էր ապահովվել միայն այս երկու կառույցների միացումով, այսինքն` երբ հարկային ու մաքսային մարմինները ենթական են լինում ֆինանսների նախարարության: Նման իրավիճակը, նման կառուցվածքային փոփոխությունը ես ողջունում եմ»,- ասաց Բոստանջյանը:

 

Նա նշեց, որ, ընդհանրապես, ցանկացած բյուջե կազմելիս իրատեսականորեն պետք է ելնել հնարավոր եկամուտներից, որոնք հաջորդ ֆինանսական տարում պետք է լինեն: Այդ առումով, ըստ տնտեսագետի, ֆինանսների նախարարությունն, ըստ էության, մինչ օրս չի ունեցել հանրապետությունում սպասվող եւ հնարավոր բյուջետային մուտքերի վերաբերյալ ճիշտ եւ օպերատիվ իրազեկվելու հնարավորություն: Սա հանգեցրել է բյուջեի կազմման պրոցեսի արդյունավետության որոշակի անկման:

 

«Փաստորեն, 1998 եւ 1999 թվականներին, երբ այդ կառույցները գտնվում էին ֆինանսների նախարարության ենթակայության տակ, մեր ազատական պայմաններում, անցած ժամանակաշրջանում ամենալավ բյուջետային ցուցանիշներ մենք ունեցել ենք հենց այդ ժամանակ»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը: