Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տանգոյի ելևէջներ էին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ ունեցան Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լուչինին։ Հնչեցին Աստոր Պիացոլլայի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից, ինչպես նաև երաժշտություն Էննիո Մորիկոնեի կինոֆիլմերից, Մարտին Պալմերիի «Տանգո» ստեղծագործությունը, արգենտինյան տանգոներ:
Պիետրոդարկին համերգից հետո նշեց, որ Իտալիայից հետո իր երկրորդ հայրենիքը Հայաստանն է։ Ըստ նրա՝ Հայաստանն ու հայերը շատ հոգեհարազատ են իրեն, ու ամեն այցի ընթացքում ավելի ու ավելի է խտանում այդ հարազատության զգացումը։
Խոսելով երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Պիետրոդարկին նշեց, որ աշխատանքի լավ փորձ ունի կոլեկտիվի հետ։ «Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հասուն, ֆանտաստիկ երաժիշտներ։ Նրանք մի մեծ ընտանիք են, ընկալում են երաժշտությունը շատ խորությամբ և պրոֆեսիոնալ կերպով աշխատում մենակատարի հետ»,- ասաց բանդոնեոնահարը։
Պիետրոդարկին, խոսելով իր երգացանկի մասին, նշեց, որ իր նվագած երաժշտության մեջ փորձում է համատեղել տանգոյի բոլոր՝ արդեն եղած և դեռ զարգացող ճյուղերն ու ենթաճյուղերը: Ըստ նրա՝ իրեն ոգեշնչող երաժիշտների ցուցակը բավական մեծ է:
Ի դեպ, երեկվա համերգը տևեց նախատեսվածից ավելի երկար. համերգային ծրագրի ավարտից հետո մոտ 40 րոպե երաժիշտները նվագում էին հանդիսատեսի խնդրանք-պահանջով։