կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-22 17:34
Մշակույթ

Մեր նպատակն է ստեղծել հարազատության միջավայր. մեկնարկել է «Գրական տապան 2016»-ը

Մեր նպատակն է ստեղծել հարազատության միջավայր. մեկնարկել է «Գրական տապան 2016»-ը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկել է «Գրական տապան 2016» փառատոնը: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնն այս տարի Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կհամախմբի աշխարհի տարբեր երկրների գրականության ոլորտի ներկայացուցիչների:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն իր ելույթում հույս հայտնեց, որ «Գրական տապան 2016»-ի մասնակիցները կվայելեն հայաստանյան այցի 10 օրերը: «Իմ ձեռքին «Գրական տապան»-ի առաջին գիրքն է: Այն ստեղծվեց ուղիղ 15 տարի առաջ: Ինձ համար այն խորհրդանշական է, քանի որ այս ոլորտում իմ առաջին քայլերից մեկը «Գրական տապան»-ի համակարգման աշխատանքն էր: Մյուս խորհրդանշական փաստն այն է, որ գրքի կազմին առկա է բանաստեղծություն, որի հեղինակը Օսիպ Մանդելշտամն է»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը` հավելելով, որ ռուս բանաստեղծը, 1930 թ. այցելելով Հայաստան և հյուրընկալվելով այստեղ, սիրահարվեց մեր երկրին: «Մեր նպատակը չէ, որպեսզի դուք սիրահարվեք մեր երկրին, մեր նպատակն է ստեղծել հարազատության միջավայր: 32 երկրների 97 մասնակիցներ այս տարիներին Հայաստան են եկել և 217 ստեղծագործություն գրել մեր երկրի մասին»,- հավելեց Տեր-Վարդանյանը:

Փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը բացման արարողության մասնակիցներին ներկայացրեց ռուս բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Վալերի Բրյուսովի նախաձեռնությամբ 1916 թվականին ռուսերենով ստեղծված և այս տարի նույնությամբ վերահրատարակված «Հայ պոեզիայի անթոլոգիա»-ն: «Մեծ Եղեռնից հաշված ամիսներ անց հայ գրողների, մեկենասների և Բրյուսովի ուժերով լույս ընծայվեց այս գիրքը, որը կոչ էր Հայաստանին` ի հեճուկս ամեն ինչի ոտքի վրա մնալ և ապրել: Ուղիղ 100 տարի անց լույս է տեսել գրքի առաջին հրատարակության ֆաքսիմիլեն: Այն շատ արժեքավոր է մեր օրերի և ապագա սերունդների համար»,- նշեց Մաթևոսյանը` հավելելով, որ գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Տեղեկացնենք, որ այն ներառում է ականավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Վարդգես Սուրենյանցի նկարազարդումները:

Բացման արարողության ընթացքում ցուցադրվեցին «Գրական տապան»-ին և Օսիպ Մանդելշտամին նվիրված տեսանյութեր: Կազմակերպվեց նաև թատերական ներկայացում՝ հիմնված նշանավոր բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի սոնետների վրա: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ փառատոնի հյուրերը կերպարանափոխվեցին`վերածվելով շեքսպիրյան հերոսների:

Հիշեցնենք, որ «Գրական տապան» փառատոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ: Փառատոնն իր առջև նպատակ է դրել սերտացնել հայ և արտասահմանյան գրողների միջև համագործակցությունը, ինչպես նաև ծանոթացնել ընթերցողներին ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին:

«Գրական տապան»-ը նաև գրականության մեջ առկա խնդիրների վերհանման յուրատեսակ հարթակ է: Հայաստան ժամանած գրողները, ծանոթանալով մեր երկրի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին և այցելելով տեսարժան վայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, ոչ միայն կբացահայտեն Հայաստանը, այլև իրենց տպավորությունները կհանձնեն թղթին: Յուրաքանչյուր տարի հրատարակվում է «Գրական տապան»-ի մասնակից գրողների` փառատոնի և Հայաստան այցի մասին տպավորությունները ներկայացնող ստեղծագործությունների երկլեզու (հայերեն և բնօրինակ) ժողովածուն: Այն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո: