Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հանձնաժողովում առաջիկա օրերին կքննարկվի այն հարցը, թե ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն իսկապե՞ս «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտել է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանի` օրեր առաջ կատարած համացանցային գրառումներից մեկը բավական մեծ աղմուկ է բարձրացրել. նա վիրտուալ տարածքում սպառնացել էր հանել օգտատերերից մեկի` Գայանե Շահինյանի աչքերը, ով, ըստ նրա, վիրավորական խոսքեր էր ասել ՀՀ բանակի, պաշտպանության նախարարի և Հայաստանի հասցեին:
«Եթե մենք ընդհանուրի մեջ ենք նայում, ապա առաջին հերթին պետք է փորձենք պատասխանատվության կանչել էն մարդկանց, որոնք փորձում են «Ֆեյսբուք»-ում ում հասցեին ինչ ասես ասել, երկրորդը` ընդունում եմ, որ եթե պատգամավոր է, բնական է, որ պետք է ավելի զգույշ լինի իր արտահայտություններում, բայց երրորդն էլ պետք է ասեմ, որ պատգամավորն էլ է մարդ, և որոշակի հուզմունքներ, էմոցիաներ կան»,- ասաց Ավետիսյանը` հավելելով, որ մեր ժողովրդի մի հատված պարզապես կորցրել է չափի զգացողությունը:
«Հենց այդ մարդկանց առաջին հերթին պետք է կարգի հրավիրել, և բնական է, որ պատգամավորն էլ իր արտահայտություններում ավելի զգույշ պետք է լինի»,- ընդգծեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե Շուշան Պետրոսյանին անձնապես որևէ մեկը չի վիրավորել, մինչդեռ Պետրոսյանն անձնական բնույթի վիրավորանք է հասցրել ֆեյսբուքյան օգտատիրոջը, Ավետիսյանը պատասխանեց. «Բայց ի՞նչ տարբերություն, բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին է ասվել: Այսինքն` իրենք կարող են ինչ ասես` ասեն, բայց հենց իրենց են փորձում անձնական վիրավորանք հասցնել, պետք է դառնա էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա՞»:
Նրա խոսքով` պատգամավորի պարագայում պետք է որոշակի չափավորություն լինի, բայց նման դեպքերում պետք է հասկանալ նաև ընդհանուր դրդապատճառը և փորձել նման մարդկանց վարքագիծը կարգավորել: «Վաղ է խոսել այն մասին, թե ինչ որոշում կկայացնի էթիկայի հանձնաժողովը: Մենք պետք է ընդհանուր երևույթը վերլուծենք և հասարակական կարծիք ստեղծենք ընդհանուր երևույթի մասին, նոր կոնկրետ անդրադառնանք պատգամավորի` էթիկայի կանոնների խախտմանը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը և հավելեց, որ անգամ եթե որոշվի, որ Շուշան Պետրոսյանն իսկապես խախտել է էթիկայի կանոնները, նա որևէ պատասխանատվության չի ենթարկվի: