կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-11 18:31
Առանց Կատեգորիա

Ռուսական կրոնական ոտնձգություն Հայոց ցեղասպանության նկատմամբ

Ռուսական կրոնական ոտնձգություն Հայոց ցեղասպանության նկատմամբ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Օսմանյան կայսրությունում բնակվող քրիստոնյա փոքրամասնություններին ոչ ոք չի սպանել: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այս հայտարարությունը շատերին թույլ է տվել եզրակացնելու, թե նա ժխտում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:

Նախորդ տարվա ապրիլի 30-ին, իր նստավայրում ընդունելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ռուսաստան այցելած` Հայոց կաթողիկե եկեղեցու Ներսես Պետրոս 19-րդ երջանկահիշատակ կաթողիկոսին, պատրիարք Կիրիլը հայտարարել էր. «Այդ տարեթիվը (1915թ. ապրիլի 24-ը-հեղ.) մեր ուշադրությունն է հրավիրում այն ողբերգության վրա, որն ապրել է հայ ժողովուրդը 1914-15թթ., երբ զոհվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր: Այդպիսի ողբերգությունները չեն կարող ջնջվել մարդկանց պատմական հիշողությունից»: Թեև ակնհայտ է, որ պատրիարքը գործածում է «ողբերգություն», «մեկուկես միլիոն հայերի զոհվել» արտահայտությունները` բնութագրելով Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման փաստը, սակայն «ցեղասպանություն» եզրույթը չի արտաբերում:

Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա Օսմանյան կայսրությունում արձանագրված պատմական իրողությունները ներկայացնում է մերձավորարևելյան տարածաշրջանի քրիստոնյա փոքրամասնության հալածանքների և նրա հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի հետ: «Մենք այժմ ապրում ենք այն ժամանակներում, երբ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մի շարք այլ տարածաշրջաններում քրիստոնյաները սարսափելի վտանգների են ենթարկվում։ Նրանց ոչնչացնում են միայն այն պատճառով, որ քրիստոնյա են»,- ասում է պատրիարքը՝ որոշակի լույս սփռելով Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքի կապակցությամբ իր տարօրինակ հայտարարության իրական ենթատեքստի վրա:

Ներսես-Պետրոս 19-րդ կաթողիկոսի հետ վերոնշյալ հանդիպման ժամանակ Համայն Ռուսիո պատրիարքն ակնարկել էր. «Թուրքիայի տարածքում 1.5 միլիոն հայերի ոչնչացումը կապված էր 14-15թթ. ռազմական գործողությունների հետ»: Այս միտքը գրեթե նույնությամբ կրկնվում է նրա հեռուստահարցազրույցում: «Մենք գիտենք, որ եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել են երկու կողմերից էլ զոհերով, ապա այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել»,- ասում է պատրիարք Կիրիլը՝ հասկանալի դարձնելով, որ քրիստոնյա հայերի, ինչպես նաև հույների  «ողբերգությունը» նա դիտարկում է ռազմաքաղաքական, այլ ոչ թե կրոնական անհանդուրժողականության համատեքստում: Այսինքն՝ այդ էթնիկական տարրերը Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել են ոչ թե այն բանի համար, որ քրիստոնյաներ են, այլ որովհետև... պատերազմ էր:

Անկախ մոտիվներից՝ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կամա, թե ակամա, զգալիորեն նեղացնում է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում միտումնավոր ոչնչացվելու, ցեղասպանվելու ընկալման շրջանակը: Ավելին` ակնարկելով, թե պատերազմը «միշտ ուղեկցվել է երկու կողմերից էլ զոհերով»` ռուս պատրիարքը զարգացնում է Ցեղասպանության հարցում թուրքական այն հայտնի արհեստական թեզը, թե Առաջին համաշխարհային պատերազմում հայերը ևս բազմաթիվ թուրքեր են սպանել, և ողբերգությունը պետք է ճանաչել համակողմանի:

Ամենայն հավանականությամբ, պատրիարք Կիրիլի նման մոտեցումը բացատրվում է Սիրիայում ու Իրաքում քրիստոնյաների նկատմամբ բռնությունները նկարագրելիս իր երկրի բազմամիլիոնանոց մուսուլմանական հանրույթի կրոնական զգացումները չվիրավորելու, միջկրոնական անհանդուրժողականություն չհրահրելու նկատառումով: Սակայն եթե նույնիսկ այդպես է, ապա նա, ըստ էության, անում է ճիշտ հակառակը: Որովհետև վահաբական և սալաֆիական գաղափարախոսության վրա հիմնված ծայրահեղ իսլամիզմը թիրախավորել է ոչ միայն քրիստոնեական տարրը, այլև առհասարակ բոլոր այլադավաններին և առաջին հերթին` շիա մուսուլմաններին, որոնց նկատմամբ  գուցե շատ ավելի անողոք ու անհանդուրժող է: Հետևաբար, երբ նա, միտումնավոր աչք փակելով այս հանգամանքի վրա, շեշտում է, թե Սիրիայում ու Իրաքում քրստոնյաների ցեղասպանություն է իրականացվում, մերժում է դրա ահաբեկչական բնույթը և մուսուլմանական աշխարհին անուղղակի որակում ցեղասպաններ՝ դրանով իսկ նրան տրամադրում Ռուսաստանի դեմ: Այսինքն`  կեղծ հումանիզմի տակ թաքնված շովինիզմը զարգացնելու համար է, փաստորեն, պատրիարք Կիրիլը որոշել «զոհաբերել» հայերի և հույների ցեղասպանության փաստը:

Այն, որ Ռուսական քրիստոնեական ուղղափառությունը խորքային իմաստով երբեք պատշաճ հարգանքով չի վերաբերվել Հայ Առաքելական եկեղեցուն՝ վերջինիս ավելի շատ մոտենալով որպես ինչ-որ քրիստոնեական աղանդի, հայտնի էր վաղուց: Սակայն, որ զոհ կարող էր դառնալ նաև Թուրքիայում ցեղասպանված՝ ուղղափառ դավանանքի կրող հարյուր հազարավոր հույների նկատմամբ հարգանքը, նորություն էր:

Հետաքրքրական է, սակայն, որ պատրիարքը  Ցեղասպանությունը պատերազմով արդարացնելու այս փորձը կատարում է մի իրավիճակում, երբ Ռուսաստանն այն պաշտոնապես ընդունել է 1995թ. ապրիլին, իսկ Պետական դուման, կապված ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերություններով, քննարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը: Եթե նույնիսկ ակնհայտ քաղաքական հաշվարկներով այս օրինագիծն, ի վերջո, ընդունվի, ՌԴ դատախազությունը պատրիարքին պատասխանատվության կկանչի՞ նման, մեղմ ասած, տարօրինակ մանևրների համար...

Գևորգ Դարբինյան