կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 17:05
Տնտեսական

Ոչ թե չենք կարողանում արտահանել, այլ ունենք տրանսպորտային խնդիրներ` Լարսի հետ կապված

Ոչ թե չենք կարողանում արտահանել, այլ ունենք տրանսպորտային խնդիրներ` Լարսի հետ կապված

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձավ արտահանումներին` նշելով, որ կա առաջընթաց: Նրա խոսքով` արտահանվել է 76 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Արտահանումն իրականացվել է հիմնականում ԵՏՄ անդամ երկրներ` 86 տոկոս` անցյալ տարվա 46 տոկոսի փոխարեն:

 Ըստ նախարարի` կարևոր նպատակը եկող տարի նորագույն տեխնոլոգիաների ներդրումն է գյուղատնտեսության մեջ, որը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը: Նորագույն տեխնոլոգիաներից են կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, որը Արարատյան դաշտավայրում արդեն սկսվել է: Մյուսը կարկտահարությունից ցանցային եղանակով պաշտպանության տեխնոլոգիաների ներդրումն է, նաև` նորագույն տեխնոլոգիաներով ինտենսիվ պտղատու այգիների հիմնումը, որը  մեծապես կնպաստի գյուղացու եկամուտների ավելացմանը:

 Նախարարն անդրադարձավ երկրում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը` ասելով, որ մոտ 82 հեկտար ջերմոցային տնտեսություն է ստեղծվել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: Եկող տարվա համար մի քանի տնտեսվարողներ, որոնք արդեն ունեն նախագծերը, 50 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն կստեղծեն Կոտայքի և  Արարատի  մարզերում:

«Ջերմոցային տնտեսությունների շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն բավարարել տեղական շուկան, այլ նաև արտահանել, մասնավորապես` ջերմոցային վարունգ` մոտ 400 տոննա, լոլիկ` 2600 տոննա»,- ասաց Սերգո Կարապետյանը` հավելելով, որ կառավարության ուշադրության կենտրոնում է օգտագործվող հողերի արդյունավետ մշակման հարցը: Նրա խոսքով` գյուղատնտեսությանը տրվող վարկերից օգտվել են մոտ 90 հազար գյուղացիական տնտեսություններ:

 Լրագրողների հարցին` ինչո՞ւ Հայաստանին չի հաջողվում  գրավել Թուրքիայի տեղը ԵՏՄ երկրների շուկաներում` արտահանելով իր գյուղատնտեսական արտադրանքը, նախարարը պատասխանեց. «Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, Թուրքիայի ռեսուրսներն այսօր մենք չունենք: Մենք ոչ մի շուկա գրավելու ցանկություն չունենք, մենք ունենք ցանկություն որոշակի ծավալներ ավելացնելու: Եկող տարվա համար մենք ուզում ենք ավելացնել բանջարեղենի արտադրության ծավալը, որը կնպաստի արտահանմանը»,- ասաց նախարարը` հավելելով, որ Թուրքիայից արտահանվող բերքը ջերմոցային է, այլ ոչ թե գրունտային:

Կարապետյանը հավելեց. «Ոչ թե չենք կարողանում արտահանել, այլ ունենք տրանսպորտային խնդիրներ: Մեր միակ ուղին Լարսն է, որը ձմեռային ամիսներին հաճախակի փակվում է: Կան օբյեկտիվ պատճառներ, և չեմ հերքում` կան նաև կազմակերպչական խնդիրներ»:

Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ  կառավարությունը արտահանման լուրջ ծրագիր է մշակում. «Բավական լուրջ օգնություն է լինելու, կտեսնեք»,- ասաց նա: